Գրենլանդիան՝ «անառիկ ամրոցը», լուրջ վտանգի տակ է հայտնվել։ Ի սկզբանե եվրոպացի մարտիկները մտադիր էին պաշտպանել ժողովրդավարության այս ամրոցը Թրամփից, և կղզի իջեցրին իրենց առաջադեմ, գենդերային առումով հեղհեղուկ զինվորականների «հզոր» մի խումբ։
Ստացվեց ոչ այն է` 10 փոքրիկ նեգրերի մասին բանաստեղծության, ոչ այն է`«տասնհինգ մարդ մեռյալի սնդուկի վրա, յո-հո-հո, և մի շիշ ռոմ» ծովահենների երգի նման մի բան, նշում է ՌԻԱ Նովոստիի սյունակագիր Վիկտորյա Նիկիֆորովան։ Երկուական զինվորական հայտնվեցին Նորվեգիայից և Ֆինլանդիայից, մեկական՝ Մեծ Բրիտանիայից և Նիդեռլանդներից։ Շվեդիան խոստացավ որոշակի թիվ ուղարկել։ 15 Ֆրանսիան խոստացավ։ Մոտավորապես նույնքան՝ Գերմանիան։ Եվ սա գրեթե ամբողջն է։
Գրենլանդիան ավելի քան երկու մլն քառակուսի կմ մակերես է զբաղեցնում։ Դե ոչինչ, չէ՞, որ երեք հրացանակիրները և նրանց միացած դ'Արտանյանը կարողացան մի քանի ժամ շարունակ պաշտպանել Լա Ռոշելը։ Այստեղ էլ նման հերոսական մի բան էր նշմարվում։
ԱՄՆ նախագահը, տեսնելով այս իրարանցումը, իր սովորական ձևով հարցրեց` ե՞րբ եվրոպացիներին հարմար կլինի բանակցություններ անցկացնել Գրենլանդիայի` ԱՄՆ-ին միանալու վերաբերյալ, թե չէ իր «Կոկա-Կոլան» տաքանում է։ Ատլանտյան օվկիանոսի մյուս կողմում վախեցած լռեցին։
Պատասխանին չսպասելով` Թրամփն անտարբեր հայտարարեց, որ 10-տոկոսանոց տուրքերով է պատժում բոլոր այն երկրներին, որոնք հանդգնել են իրենց զինվորականներին ուղարկել Գրենլանդիա։
Մի քանի ժամ էլ չանցավ. Գերմանացի 15 զինվորական կղզուց տուն փախան։ Երկրի ՊՆ–ն հրատապ հրաման արձակեց, որով նրանց առաքելությունն ավարտված հայտարարեց։ Բունդեսվերի ներկայացուցիչները կեղծ հայտարարեցին, որ գերմանացի զինվորականները հաջողությամբ կատարել են իրենց բոլոր առաջադրանքները։ «Դուք հիմար եք, Շվեյկ»։ Այո՛, ես պաշտոնապես հիմար եմ։ Նույնիսկ թուղթ ունեմ»։
Գրենլանդիայի պաշտպանությունը ճեղք տվեց, և մտահոգություններ կան, որ կղզին շուտով կկորցնի իր ռազմավարական նշանակությունը եվրոպացիների համար: Լավ, իսկ տուրքե՞րը: Արտահանման վրա լրացուցիչ 10 տոկոսը միայն Գերմանիային տարեկան մինչև 15 մլրդ եվրո կորուստ կբերի, իսկ երկիրն առանց այդ էլ ճգնաժամի մեջ է: ԵՄ մյուս անդամներն ավելի վատ վիճակում են: Իսկ հունիսի 1-ից մաքսատուրքերն արդեն 25 տոկոս կկազմեն: Պետք է ինչ–որ կերպ պատասխանել, այլապես եվրոպացի զինվորների սրընթաց փախուստը Գրենլանդիայից հազիվ թե փափկացնի ԱՄՆ նախագահին։ «Հայրիկը կպատժի»:
Եվրոպացիները Թրամփին շատ հուժկու պատասխան տվեցին։ Նախ դեսպանների հրատապ հանդիպում անցկացրին Բրյուսելում։ Երկրորդը` Մակրոնը մերկացրեց պատյանը և խոստացավ ԱՄՆ-ի դեմ հզոր «առևտրային բազուկա»՝ եվրոպական պատժամիջոցների և սահմանափակումների համալիր կիրառել։
Վերջապես, Բելգիայի պաշտպանության նախարարը հայտարարեց, որ պլան Բ ունի, եթե Միացյալ Նահանգները գրավեն Գրենլանդիան: Բացահայտել դրա բովանդակությունը նա հրաժարվեց: Դե, եթե Բելգիան զայրացավ... Գնացինք տներով, տղե՛րք:
ԱՄՆ-ում բացահայտ ծիծաղում են եվրոպացիների ջանքերի վրա։ Օբյեկտիվորեն ասած, եթե նրանք զայրացնեն «հայրիկին», Թրամփը պարզապես կփակի ամերիկյան շուկան նրանց համար։ Եվ այդժամ ԵՄ տնտեսությունը կմահանա սարսափելի ցնցումներից։ Գրենլանդիայի ձներում դժբախտ եվրո-զինվորների մասին էլ չենք խոսում։
«Եկեք տրորենք նրանց միջատների պես», – հեգնում է «Fox News»-ը։
Դոնալդ Թրամփը մեր աչքերի առաջ համաշխարհային պատմության դուռ է բացում։ Եթե նրան իսկապես հաջողվի միացնել Գրենլանդիան, նա իր երկրին թանկարժեք մետաղների և հազվագյուտ մետաղների գանձարան կնվիրի, հիանալի հենակետ Արկտիկայում, որը թույլ կտա նրան վերահսկել Չինաստանից Եվրոպա առևտրային ճանապարհը, ինչպես նաև ՀՀՊ և ՀՕՊ համակարգերի տեղակայման համար ռազմավարական տարածք, ինչը նրան հնարավորություն կտա փակել «Ոսկե գմբեթ» համակարգը։
Նման նվեր ԱՄՆ–ն չէր ստացել ավելի քան մեկ դար։ Վերջին տարածքը Վուդրո Վիլսոնի օրոք էր միացվել ԱՄՆ–ին, որը 1917 թվականին Դանիայից ձեռք բերեց Վիրջինյան կղզիները։ Բայց չէ՞ որ այս տարի ԱՄՆ–ն նշում է իր հիմնադրման 250-ամյակը։ Նախագահն իր երկրին ավելի լավ ծննդյան նվեր մատուցել չէր կարող։ Գինն էլ հարմար է՝ ի՞նչ է 700 մլրդ դոլարը այն օգուտների համեմատ, որոնք Գրենլանդիան կարող է բերել ամերիկացիներին։
Եվրոպացիներին մնում է այս ամենին նայել անզոր զայրույթով, քանի որ ո՛չ տնտեսական, ո՛չ էլ ռազմական լծակներ նրանք չունեն Վաշինգտոնի դեմ: Միջազգային իրավունքին հղում անելն անիմաստ է. Թրամփը դրան վերաբերում է ճիշտ նույն կերպ, ինչպես Աբրահամ Լինքոլնը, որը քաղաքացիական պատերազմի ժամանակ լռեցրեց Գերագույն դատարանին: Նրա համար երկրի բարօրությունը վեր է ցանկացած տեսակի քաշքշուկից. չէ՞ որ ինքը կոչված է կրկին հզոր դարձնել Ամերիկան:
Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության տեսակետի հետ