ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik․ Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ անժամկետ կալանքը, փոխարինվեց տնային կալանքով։ Այսօր նման որոշում կայացրեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ Հարություն Պետրոսյանի նախագահությամբ։
Երևանի քրեական դատարանը հոկտեմբերի 23-ին Համբարձումյանի վերաբերյալ դատավճիռ էր կայացրել` դատապարտելով 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման, վերացրել էր գրավը և որպես խափանման միջոց կիրառել կալանքը։ Այսօր վերաքննիչ դատարանը քննում էր առաջին ատյանի կայացրած ակտի դեմ նրա պաշտպանների ներկայացրած վերաքննիչ բողոքը:
Դատարանը մասնակի բավարարեց Համբարձումյանի պաշտպանների ներկայացրած միջնորդությունը՝ նրա նկատմամբ կիրառելով տնային կալանք, գրավ և բացակայելու արգելք։
Դատարանի դահլիճում ներկաները ծափերով ողջունեցին որոշումը։
Տնային կալանքի պայմաններում Դավիթ Համբարձումյանին արգելված են տեսակցություններն ու այցերը` բացառությամբ ընտանիքի անդամների և պաշտպանների։
Գործի քննությունը կշարունակվի փետրվարի 5-ին՝ 14։00-ին։
Հիշեցնենք` Դավիթ Համբարձումյանը հոկտեմբերի 23-ին ազատազրկման դատապարտվեց 6 տարի 3 ամիս ժամկետով։ Հաջորդ օրը նա գրառում արեց սոցցանցում` հայտնելով, որ իրեն մեղսագրվող արարքների որևէ հիմնավորում չկա, ինքն աշխատանքային այցով գտնվում է արտերկրում և փախչելու մտադրություն չունի։
Նշենք, որ Համբարձումյանին մեղադրանք էր առաջադրվել 2018 թվականի ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում ակցիայի մասնակիցների վրա հարձակվելու և ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստով։ Համբարձումյանը կալանավորվել էր, հետո 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվել: ՔԿ–ն 2019 թվականին հանցակազմի բացակայության պատճառով դադարեցրել էր Դավիթ Համբարձումյանի նկատմամբ քրեական հետապնդումը զանգվածային անկարգությունների մասով։ Նա շարունակում էր մեղադրյալ մնալ զենքի կամ որպես զենք օգտագործող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու հոդվածով:
Նա հոկտեմբերի 28–ին կալանավորվեց «Զվարթնոց» օդանավակայանում, իսկ հոկտեմբերի 31-ին հայտարարեց, որ դադարեցնում է ավագանու անդամի իր լիազորությունները։