ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik․ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներն արժանացել են «Զայեդ» մրցանակի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Կառավարությունից տեղեկացնում են, որ մարդկային եղբայրության «Զայեդ» մրցանակն այսօր հայտարարել է 2026 թվականի մրցանակակիրներին, որոնց թվում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև «խաղաղության, երկխոսության, հարաբերությունների կարգավորման և հակամարտության լուծման գործընթացի համար»։
««Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղար Մուհամմադ Աբդելսալամը ընդգծել է Նիկոլ Փաշինյանի շարունակական, հետևողական և սկզբունքային ջանքերը՝ ուղղված խաղաղության հաստատմանն ու ամրապնդմանը»,– ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։
2026 թվականի մրցանակակիրները ընտրվել են անկախ, համաշխարհային մակարդակի դատավորական հանձնաժողովի կողմից, որը բաղկացած է երկխոսության և համակեցության ոլորտում ճանաչված հեղինակավոր գործիչներից և փորձագետներից։
Արաբական ԶԼՄ–ները նշում են, որ այս մրցանակի դափնեկիրներից է նաև աֆղան աղջիկների կրթության պաշտպան Զարքա Յաֆթալին։ Թե՛ նա, թե՛ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները դարձել են Կովկասից և Աֆղանստանից առաջին մրցանակակիրները:
Մրցանակները կհանձնվեն փետրվարի 4–ին Աբու Դաբիում։
Նշենք, որ «Զայեդ» մրցանակի հանձնաժողովի անդամներն են Եվրոպական խորհրդի նախկին նախագահ և Բելգիայի Թագավորության նախկին վարչապետ Շառլ Միշելը, Աֆրիկյան միության հանձնաժողովի նախկին նախագահ և Չադի Հանրապետության նախկին վարչապետ Մուսա Ֆակի Մահամաթը, Սուրբ աթոռի Մշակույթի և կրթության դեպարտամենտի պրեֆեկտ Ժոզե Տոլենտինո դե Մենդոնսան, ՅՈւՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասելը, Ուզբեկստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Սաիդա Միրզիյոևան,ինչպես նաև Մարդկային եղբայրության «Զայեդ» մրցանակի գլխավոր քարտուղար, դատավոր Մուհամմադ Աբդելսալամը։