Իսպանիայում երկու արագընթաց գնացքների՝ ռելսերից դուրս գալու հետևանքով 21 մարդ է զոհվել

Իսպանիայի տրանսպորտի նախարարը չափազանց տարօրինակ է անվանել երկու արագընթաց գնացքների վթարը
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի - Sputnik. Իսպանիայի Կորդովա նահանգում՝ Ադամուս բնակավայրում, երկու արագընթաց գնացքների ռելսերից դուրս գալու հետևանքով 21 մարդ է զոհվել, մոտ 100-ը՝ վիրավորվել։ Տեղեկությունը հայտնում է RTVE -ն ՝ հղում անելով իր աղբյուրներին:
Վթարը տեղի է ունեցել ժամը երեկ երեկոյան 19: 40-ի (Երևանի ժամանակով՝ 22.40) սահմաններում, երբ 317 ուղևորներով գնացքը, որն ընթանում էր Մալագա-Մադրիդ երթուղով, դուրս է եկել ռելսերից, հայտնվել հարևան ճանապարհին՝ հարվածելով այնտեղով ընթացող մեկ այլ՝ Մադրիդից Հուելվա ընթացող գնացքին։
Արտակարգ ծառայությունները շարունակում են աշխատանքը դեպքի վայրում: Տուժածների մասին տվյալները ճշտվում են։ Մադրիդի և Անդալուսիայի միջև արագընթաց գնացքների երթևեկությունը դադարեցվել է:
Իսպանիայի տրանսպորտի նախարար Օսկար Պուենտեն չափազանց տարօրինակ է անվանել երկու արագընթաց գնացքների վթարը, քանի որ այն տեղի է ունեցել երկաթուղու 2025 թ. վերանորոգված հատվածում, իսկ ռելսերից դուրս եկած գնացքը համեմատաբար նոր էր՝ մոտ չորս տարեկան։