Հայ դպրոցականներն արժանացել են 21 մեդալների ժաուտիկովյան 22-րդ միջազգային օլիմպիադայում

Նախորդ՝ 21-րդ ժաուտիկովյան օլիմպիադայում Հայաստանի 32 աշակերտներ արժանացել են 17 մեդալների (2 ոսկի, 7 արծաթ և 8 բրոնզ)։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի - Sputnik. ՀՀ դպրոցականները 21 մեդալ են նվաճել հունվարի 10-ից 15-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացված Ժաուտիկովյան միջազգային 22-րդ օլիմպիադայում։ Տեղեկությունը հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Օլիմպիադան անցկացվել է «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաներից, որոնց մասնակցել են 16 երկրների (Հայաստան, Ադրբեջան, Բուլղարիա, Բելառուս, Վրաստան, Ինդոնեզիա, Հնդկաստան, Ղազախստան, Ղրղզստան, Մոնղոլիա, Պակիստան, Ռումինիա, Ռուսաստան, Տաջիկստան, Թուրքմենստան և Ուզբեկստան) 605 աշակերտներ, այդ թվում՝ 90 թիմեր և 41 անհատ մասնակիցներ։ Յուրաքանչյուր թիմ կարող էր ունենալ առավելագույնը 7 մասնակից (մաթեմատիկա՝ 3, ֆիզիկա՝ 2, ինֆորմատիկա՝ 2):
Հայաստանի 4 թիմերը և 5 անհատ մասնակիցները ներկայացրել են 6 ուսումնական հաստատությունների 33 աշակերտներ («Ֆիզմաթ» մասնագիտացված դպրոց՝ 16, «Քվանտ» վարժարան՝ 10, Երևանի ՀԱՊՀ ավագ դպրոց՝ 3, Գյումրու «Ֆոտոն» վարժարան՝ 2, Գյումրու ՀԱՊՀ ավագ դպրոց՝ 1, Գյումրու թիվ 41 հիմնական դպրոց՝ 1)։
ՀՀ դպրոցականներն արժանացել են 21 մեդալների, այդ թվում՝ 4 ոսկի, 2 արծաթ և 15 բրոնզ։
Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայում հայաստանյան թիմերը ղեկավարել են «Ֆիզմաթ» դպրոցից՝ Գուրգեն Ասատրյանը, Սուրեն Գրիգորյանը և Բիլոր Կուրղինյանը, «Քվանտ» վարժարանից՝ Սոս Աղամիրյանը և Նարեկ Մկրտումյանը, Երևանի ՀԱՊՀ ավագ դպրոցից՝ Հովսեփ Կարապետյանը և Արսեն Ասատրյանը, Գյումրու «Ֆոտոն» վարժարանից՝ Գևորգ Բոյախչյանը։
Նշենք, որ նախորդ՝ 21-րդ ժաուտիկովյան օլիմպիադայում Հայաստանից մասնակցել են 5 կրթօջախների («Ֆիզմաթ» դպրոց, «Քվանտ» վարժարան, ՀԱՊՀ ավագ դպրոց, Գյումրու «Ֆոտոն» վարժարան, Գյումրու թիվ 41 հիմնական դպրոց) 32 աշակերտներ, որոնք արժանացել են 17 մեդալների (2 ոսկի, 7 արծաթ և 8 բրոնզ)։