ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է մեկնաբանել այն հարցը, թե պատրաստ է արդյոք դիտարկել Գրենլանդիայի նկատմամբ ուժային սցենար։
«NBC News»-ին տված հարցազրույցում համապատասխան հարցին նա կարճ պատասխանել է. «Առանց մեկնաբանության»:
Միևնույն ժամանակ Թրամփը Գրենլանդիայի թեման կրկին կապել է ԱՄՆ-ի և Եվրոպայի հարաբերությունների հետ՝ ընդգծելով, որ եվրոպական երկրները պետք է կենտրոնանան ուկրաինական հակամարտության, ոչ թե դանիական ինքնավար տարածքի կարգավիճակի քննարկման վրա։
ԱՄՆ առաջնորդը նաև հաստատել է եվրոպական պետությունների նկատմամբ առևտրային մաքսատուրքեր սահմանելու մտադրությունը, եթե Գրենլանդիան Միացյալ Նահանգներին փոխանցելու շուրջ համաձայնություն ձեռք չբերվի։
«Ես կանեմ դա։ Հարյուր տոկոսով»,- հայտարարել է նա։
Նախկինում Թրամփը բազմիցս ընդգծել է, որ Գրենլանդիան ԱՄՆ–ին անհրաժեշտ է ազգային անվտանգության նկատառումներից ելնելով, և հնարավոր է համարել առևտրային սահմանափակումների կիրառումը մի շարք եվրոպական պետությունների նկատմամբ, եթե դանիական ինքնավար տարածքի կարգավիճակի վերաբերյալ պայմանավորվածության չհասնեն։