ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Հայաստանում ավանդների և վարկերի տոկոսադրույքները 2025 թվականին (2024-ի համեմատ) գրեթե չեն փոխվել, թեև ԿԲ–ի հիմնական տոկոսադրույքը 2023-ի վերջից նվազել է 3%-ով` 9,5%-ից հասնելով 6,5%-ի։ Այս մասին են վկայում Կենտրոնական բանկի տվյալները։
Ավանդներ
Նվազել են բիզնեսի կարճաժամկետ (մինչև 1 տարի) ավանդների տոկոսադրույքները` դրամով՝ 8,4%-ից մինչև 8%, դոլարով՝ 2,8%-ից մինչև 2,6%։ Այստեղ և հետայսու նշվում են տոկոսադրույքները, որոնք մենք, ԿԲ տվյալների հիման վրա, միջինացրել ենք 2024 և 2025 թվականների համար։
Բիզնեսի և ֆիզիկական անձանց ավանդների մյուս տեսակների գծով միջին տոկոսադրույքները գրեթե չեն փոխվել։ Մասնավորապես ֆիզիկական անձանց՝ մինչև 1 տարի ժամկետով դրամային ավանդների դրույքները միջինում մնացել են 8%-ի մակարդակում, իսկ մեկ տարուց ավելի ժամկետով ավանդներինը՝ 9,5%-ի։ Դոլարային ավանդների տոկոսները փոքր-ինչ աճել են (մինչև 1 տարի ժամկետի դեպքում 2,4%-ից հասնելով 2,5%-ի, 1 տարուց ավելի դեպքում՝ 4%-ից հասնելով 4,2%-ի)։
Բանկերը չեն նվազեցնում դրամային ավանդների տոկոսները` չնայած ԿԲ-ն զգալիորեն նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Բանկերը, ամենայն հավանականությամբ, ցանկանում են դրույքները հարաբերականորեն բարձր պահել, որպեսզի միջոցներ ներգրավեն հիփոթեքային և սպառողական վարկեր տրամադրելու համար, որոնց պահանջարկը մշտապես աճում է։ 2024թ. նոյեմբերից մինչև 2025թ. նոյեմբեր ընկած ժամանակահատվածում (վերջին հասանելի տվյալները) այս երկու ուղղություններով բանկերը վարկառուներին տրամադրել են ավելի քան 1,7 միլիարդ դոլար (հիփոթեքի գծով աճը կազմել է մոտ 20%, սպառողական վարկերի գծով՝ 30%)։
Վարկեր
Զգալիորեն աճել են բիզնեսի համար նախատեսված կարճաժամկետ (մինչև 1 տարի) դրամային վարկերի տոկոսադրույքները (11,7%-ից հասնելով 12,8%-ի)։ Հնարավոր է՝ շինարարության և ծառայությունների ոլորտներում ընկերությունների ակտիվությունն այնքան է աճել, որ ընկերությունների մի մասը պատրաստ է համալրել շրջանառու միջոցները ավելի բարձր տոկոսով, իսկ մյուս մասը՝ ազատ գումարները ներդնել ավանդների տեսքով։
Երկարաժամկետ բիզնես-վարկերի դրույքներն ավելի քիչ են աճել (դրամով՝ 12,7%-ից մինչև 12,9%, իսկ դոլարով՝ 8,5%-ից նվազել են մինչև 8,4%)։ Այս վարկերը ևս մեծ պահանջարկ ունեն, ընդ որում՝ ոչ միայն շինարարության և ծառայությունների ոլորտում, այլև արդյունաբերության մեջ (որտեղ 2025 թվականին պորտֆելն աճել է ավելի քան 30%-ով)։
Ֆիզիկական անձանց համար վարկերի տոկոսադրույքները գրեթե չեն աճել։ Հնարավոր է՝ սպառողական վարկերի շուկայում բանկերն ավելի սուր են մրցակցում, քանի որ այստեղ տոկոսադրույքները 3-4%-ով բարձր են, քան բիզնես-վարկերի դեպքում (դրամով դրանք մնացել են 16,6%-ի մակարդակում)։ Դրամային հիփոթեքի դրույքները մնացել են 12,6%-ի մակարդակում։
Այսպիսով` ԿԲ–ի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի զգալի նվազեցումը գրեթե չի անդրադառնում շուկայի վրա (թե՛ ավանդների, թե՛ վարկերի մասով)։