Եթե ԱՄՆ-ն միացնի Գրենլանդիան, ապա վերջին 1 դարում առաջին անգամ կընդլայնի տարածքը. փորձագետ

Մալեկ Դուդակովը. Արխիվային լուսանկար
Քաղաքագետի խոսքով` նմանսցենարի դեպքում Ամերիկան ավելի մեծ հնարավորություններ կստանա և՛ այնտեղ ռազմաբազաներ տեղակայելու, և՛ օգտակար հանածոներ արդյունահանելու համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի - Sputnik. ԱՄՆ-ն Գրենլանդիան իրեն միացնելու դեպքում վերջին ավելի քան մեկ դարում առաջին անգամ կընդլայնի իր տարածքները։ Այս մասին RT-ի հետ զրույցում ասել է ամերիկացի քաղաքագետ Մալեկ Դուդակովը։
Քաղաքագետի կարծիքով՝ ամեն ինչ տեղի է ունենում այն տարում, երբ ԱՄՆ-ն նշում է իր կազմավորման 250-ամյակը, և դա Ամերիկայի կողմից ընկալվում է որպես «ոսկե դարաշրջանի» վերականգնում:
«Այդ դեպքում Միացյալ Նահանգները, իհարկե, ավելի լայն հնարավորություններ կստանա և՛ այնտեղ ռազմաբազաներ տեղակայելու, և՛ օգտակար հանածոներ արդյունահանելու համար», – նշել է Դուդակովը:
Գրենլանդիան մտնում է Դանիայի թագավորության կազմի մեջ։ Դոնալդ Թրամփը վկայակոչելով ազգային անվտանգության համար կղզու ռազմավարական կարևորությունը՝ բազմիցս կրկնել է, որ Գրենլանդիան պետք է դառնա Միացյալ Նահանգների մասը։ Թրամփը հրաժարվել է Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար ռազմական ուժ չկիրառելու խոստում տալ և դրանով պատասխանել է այն հարցին, թե որն է իր համար ավելի կարևոր՝ կղզի՞ն, թե՞ ՆԱՏՕ-ի պահպանումը:
Դանիայի և Գրենլանդիայի իշխանությունները զգուշացրել են Ամերիկային զերծ մնալ կղզին գրավելուց՝ նշելով, որ ակնկալում են իրենց տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանք: ԵՄ անդամ երկրները հունվարին քննարկել են Գրենլանդիայի մասով ամերիկյան սպառնալիքների իրական լինելու դեպքում հնարավոր արձագանքը։
Հիշեցնենք, որ 1803 թվականին ԱՄՆ 3-րդ նախագահ Թոմաս Ջեֆերսոնի օրոք կնքվել է Լուիզիանայի տարածքը Ֆրանսիայից գնելու գործարք։ Իսկ ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի օրոք 1917 թվականին Միացյալ Նահանգները Դանիայից գնել է Վիրգինյան կղզիները։