2020–ից ադրբեջանական գերության մեջ. Լյուդվիգ Մկրտչյանի գործով նամակ է ուղարկվել ՄԱԿ

Լյուդվիգ Մկրտչյանը. Արխիվային լուսանկար
Նամակում նշվում է, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացը չի կարող ավարտված համարվել, քանի դեռ հայ գերիները մնում են բանտարկության մեջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Արգենտինայում գործող SOAR (Հայ որբերի օգնության ընկերություն) կազմակերպությունը 2020 թվականից ադրբեջանական բանտում պահվող հայ ռազմագերի Լյուդվիգ Մկրտչյանի հետ կապված նամակ է ուղարկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրկին:
«SOAR-ի, տիկին Հրանուշ Շահբազյանի (Մկրտչյանի կինը – խմբ.) և անձամբ իմ՝ պարոն Լյուդվիգ Մկրտչյանի օրինական ներկայացուցչի անունից մեր խորը մտահոգությունն ենք հայտնում Բաքվում նրա շարունակական կալանքի վերաբերյալ, որը տևում է արդեն ավելի քան հինգ տարի»,-ասվում է SOAR-ի ղեկավար Լուսիանա Մինասյանի նամակում, որը հրապարակվել է «X» սոցիալական ցանցի իր էջում:
Նամակում նշվում է, որ Մկրտչյանին երկարատև կալանքի տակ պահելը, պատշաճ իրավական ընթացակարգի բացակայությունը և ընտանիքից բաժանելը մարդու իրավունքների միջազգային իրավունքի լուրջ խախտումներ են:
«Մկրտչյանը մարտական գործողությունների մասնակից էր և ըստ Ժնևյան կոնվենցիաների և դրանց կից լրացուցիչ արձանագրությունների՝ պետք է ազատ արձակվեր 2020 թվականի նոյեմբերին հրադադարի մասին եռակողմ համաձայնագրի կնքումից հետո։ Նրա հետագա բանտարկությունը միջազգային իրավական պարտավորությունների ակնհայտ խախտում է», – հայտարարում է SOAR-ը։
Կազմակերպության տեսանկյունից՝ կարևոր է այս գործը դիտարկել ավելի լայն միջազգային համատեքստում: Ընթացիկ զարգացումները ցույց են տալիս, որ ոչ մի քաղաքական գործընթաց վստահելի չէ, քանի դեռ գերության մեջ են մնում բանտարկյալներ, ապօրինի ձերբակալված քաղաքացիական անձինք:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը չի կարող ավարտված համարվել, քանի դեռ հայ մարդիկ բանտարկության մեջ են։ Խաղաղության գործընթացը կավարտվի միայն այն ժամանակ, երբ վերջին հայ կալանավորը տուն վերադառնա։ Կոչ ենք անում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին՝ անհապաղ ուշադրություն դարձնել այս գործին և ակտիվացնել հիմնարար իրավունքների պաշտպանությունն ապահովելու իրենց ջանքերը», - ասվում է նամակում։
Ավելի վաղ Լուսիանա Մինասյանը ներկայացրել է գերեվարված Վիգեն Էուլջեքչյանի շահերը, ով երեք այլ հայերի հետ միասին ազատ էր արձակվել հունվարի 14-ին:
Հիշեցնենք, որ հայ զինծառայողներ Լյուդվիգ Մկրտչյանը և Ալյոշա Խոսրովյանը գերեվարվել են 2020 թվականի հոկտեմբերի վերջին։ Ադրբեջանի դատախազությունը նրանց մեղադրանքներ է ներկայացրել «ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանցի գերիներին խոշտանգելու, ինչպես նաև մի շարք այլ հանցագործություններ կատարելու համար»: Հայ գերիները հերքել են այդ մեղադրանքները և չեն ընդունել իրենց մեղքը։ 2021 թվականի օգոստոսին նրանք դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։
Գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է կնոջը` Լինդային