ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին երկրում տեղի ունեցած վերջին ցույցերը «խռովություն» է անվանել և մեղադրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։
«Մենք համարում ենք, որ ԱՄՆ նախագահն է մեղավոր Իրանի ժողովրդին հասցված զոհերի, ավերածությունների եւ զրպարտությունների համար»,– ասել է նա։
Սակայն, ըստ առաջնորդի, Իրանի ժողովուրդը կարողացել է կոտրել իրարանցման ողնաշարը։
Հիշեցնենք` Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում 2025–ի դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:
Հունվարի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե ԱՄՆ–ն պատրաստ է պաշտպանել Իրանի քաղաքացիներին, եթե այդ երկրի իշխանությունները ուժ կիրառեն նրանց դեմ: Թեհրանը դատապարտեց այդ սպառնալիքները։
Հունվարի 8-ին Իրանում անցկացվեցին ամենամասշտաբային բողոքի ցույցերը, որոնք հրահրվել էին 1979 թվականին տապալված շահի որդու՝ Ռեզա Փահլավիի կոչով: Այնուհետև փողոց դուրս եկան գործող իշխանության կողմնակիցները։