Իրանում իրավիճակը խարխլել չհաջողվեց. արևելագետը խոսել է պատճառների և հետևանքների մասին

Բողոքի ակցիաներ Իրանում
Sputnik
Իրանում բողոքի ցույցերը առաջնորդ չունեին և չունեն։ Փահլավին, որի մասին այդքան շատ խոսում և գրում են, այդ դերին բնավ հարմար չէ, իսկ նրա նկատմամբ կասկածամիտ են նույնիսկ իրանցի էմիգրանտները։ Այսպես է մեկնաբանում Իրանում տիրող իրավիճակը արևելագետ Կարինե Գևորգյանը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում՝ Արման Վանեսքեհյանի «Իրականում» նախագծի շրջանակներում:

Իրանում հասարակությունն ազատ է, սթափ է դատում և գնահատում իրավիճակը

«Իրանում, ինչպես ցանկացած երկրում, խնդիրներ կան, այն էլ հաշվի առնելով ավելի քան 40 տարի տևող պատժամիջոցները։ Առևտրականները դուրս եկան փողոց, շուկաները փակվեցին, և դա արդեն լուրջ էր։ Չէ՞ որ ցանկացած իրանական քաղաքում բազարը մշակութային կենտրոն է, յուրօրինակ «ակումբ» թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց համար»,-իրավիճակը վերլուծում է փորձագետը։
Նա նշում է, որ այն պատկերը, որը ներկայացնում էին արևմտյան լրատվամիջոցները և գործի դրված «բոտերի ֆաբրիկան», մեղմ ասած, օբյեկտիվ չէր։ Իրականում կառավարությունը բավականին արդյունավետ է գործել։ Գերագույն առաջնորդը հենց առաջին օրը դիմեց կառավարությանը և ասաց՝ դուք սխալ եք, ժողովուրդը՝ ճիշտ։ Փոխեցին Կենտրոնական բանկի ղեկավարին, նշանակեցին նորին, և այդ ամենը բաց ու հասանելի ռեժիմով քննարկվեց խորհրդարանում։ Նույնիսկ հիմա, Գևորգյանի խոսքով, խորհրդարանում բավականին սուր բանավեճ է ընթանում։
«Իրականում ես իրանցիներին վատ չեմ ճանաչում և կպնդեմ՝ նրանք բավականին ազատ են։ Առանց վախենալու կարող են և՛ քննարկել, և՛ դատապարտել իրենց իշխանությունների գործողությունները։ Բացահայտ միշտ ասում են, որ երկրի ղեկավարության վարքագիծն արդեն չափազանց արխաիկ է, պետք է որոշ բաներ արմատապես փոխել և այլն։ Հասարակությունն ինքնին բավականին ազատ է և բավականին սթափ մտածող»,- նշում է իրանագետը։
Ամերիկյան հարթակը Իրանի թեմայով խաղադրույքներ է ընդունում. ի՞նչ մտադրություն ունի ԱՄՆ–ն

Այդ օրերին Իրանի սահմանը հատել է շուրջ 12 հազար զինված գրոհային

«Միևնույն ժամանակ պետք է հասկանալ, որ Իրանի սահմանները, թեև այնքան էլ թափանցիկ չեն, այնուամենայնիվ հասանելի են զանազան զինյալների համար։ Դժվար է վերահսկողություն ապահովել նման հսկայական երկրի ողջ պարագծով։ Եվ ահա այս օրերին ներթափանցել է, եթե դատենք նախնական հաշվարկներով, շուրջ 12-13 հազար գրոհայինն»,-ասում է Գևորգյանը։
Ուժայիններն ընդհանուր առմամբ բավականին արդյունավետ են գործել, բազմաթիվ զինված մարդկանց են ձերբակալել, որոնց մեծ մասը ներթափանցել էր հենց իրաքյան Քուրդստանի տարածքից։
Բավականին հետաքրքիր (և առաջին հայացքից զարմանալի) վարքագիծ դրսևորեց այս իրավիճակում Թուրքիան։ Անկարան լուրջ և որ ամենակարևորն է, արդյունավետ գործեց և օգնեց պաշտոնական Թեհրանին։ Սակայն սա նույնպես իր բացատրությունն ունի։
«Թուրքիայում այժմ քրդերի լուրջ և զանգվածային բողոքի ցույցեր ու հանրահավաքներ են տեղի ունենում Էրդողանի և նրա ներքաղաքական մրցակից Հաքան Ֆիդանի դեմ։ Պարզապես Իրանի իրադարձությունների պատճառով քչերն էին դրան ուշադրություն դարձնում։ Իսկ այս տագնապալի օրերին թուրքական հետախուզությունը իր իրանցի գործընկերներին է փոխանցել բոլոր տվյալները Իրանի տարածք էթնիկ քրդերի զինված խմբավորումների և կազմավորումների ներթափանցման մասին»,-պատմում է Գևորգյանը։
Այդ պատճառով հիմնական իրադարձությունները և ուժայինների ու քաղաքացիական բնակչության շրջանում զոհերը եղել են հենց արևմտյան՝ Իրաքին սահմանակից իրանական շրջաններում։ Պարզապես տակտիկապես թուրքերին ձեռնտու էր, որ իրանցի ուժայիններն այդ խմբավորումների հարցերը լուծեն։

Վտանգ կար, որ Իրանի իրադարձությունները կարող էին կայծ դառնալ ողջ տարածաշրջանի համար

Ինչ վերաբերում է այն հարցին, թե այս ամենն ինչպես կարող է ազդել Հարավային Կովկասի տարածաշրջանի իրավիճակի վրա, ապա փորձագետը համոզված է՝ իրավիճակը կարող էր կայծ դառնալ մի շարք սադրանքների համար և միանգամից մի քանի հատվածում տեղային ռազմական գործողությունների առիթ տալ։
«Օրինակ՝ լիովին կարող էին փորձել Հայաստանը կտրել Իրանից՝ արդեն իսկ ուրվագծվող հաղորդակցային սխեմաների իմաստով։ Չկայացավ, չհաջողվեց, և փառք Աստծո։ Բայց մի հարց, ի դեպ շատ կարևոր, այնուամենայնիվ առաջացավ։ Ովքե՞ր էին բողոքի ցույցի դուրս եկել Երևանում Իրանի դեսպանատան մոտ։ Ու՞մ էին նրանք սատարում։ Իրանի ցուցարարների՞ն [որոնք օբյեկտիվ պահանջներ ունեն իշխանությունից]։ Բայց նրանց առաջին հերթին հենց իշխանությունն էլ սատարեց։ Եվ ստացվում է, որ այդ անձինք Երևանում սատարում էին նրանց, ովքեր Իրանի քաղաքներում կրակում էին ցուցարարների գլխին։ Իսկ նրանց ամբողջ արևմտյան մամուլն է սատարում։ Ախր, անթույլատրելի է այդպիսի ստրկամիտ պահվածքն Արևմուտքի նկատմամբ», - հավելեց նա։
Ինչ վերաբերում է ամերիկացիներին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Իրանի իրավիճակը քննարկելու նրանց փորձին, ապա փորձագետն այսպես է արձագանքում. «Վաշինգտոնը պարզապես «գլուխ է արդուկում»։ Թրամփի վարչակազմն այս պահին խրված է խնդիրների մեջ թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին ասպարեզում։ Ահա և փորձում են շեղել միջազգային հանրության ուշադրությունը»։
Միևնույն ժամանակ նա չի բացառում, որ իրավիճակը ապակայունացնելու փորձերը կշարունակվեն։ Առաջիկա օրերին, այնուամենայնիվ, բանը կարող է հասնել Իրանը նորից ռմբակոծելուն։
ՌԴ–ն դատապարտում է Իրանի դեմ ուժ կիրառելու ամերիկյան քաղաքականությունը. Նեբենզյա