ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը ցավում է, որ Ակոպովային և Ռախմանինին վիզա չեն տրամադրել

Ավելի վաղ Հայաստանի գեղասահքի ֆեդերացիան հայտարարել էր, որ բյուրոկրատական ընթացակարգերը չպետք է խոչընդոտեն մարզիկների մասնակցությունը միջազգային մրցումներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Քոուլը ափսոսանք է հայտնել, որ ՀՀ–ն ներկայացնող գեղասահորդներ Կարինե Ակոպովային և Նիկիտա Ռախմանինին, ինչպես նաև մենասահորդ Սիմոն Դանիլյանցին մուտքի վիզա չեն տրամադրել։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան էջում։
Ավելի վաղ Ակոպովան սոցցանցերում հայտնել էր, որ Հայաստանում Մեծ Բրիտանայի դեսպանությունը իրեն և Ռախմանինին վիզաներ չի տրամադրել Շեֆիլդ քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար: Գեղասահորդուհին նշել էր, որ Մեծ Բրիտանիայի ներկայացուցչությունը չի պատասխանել զուգասահքում հանդես եկող մարզիկների՝ վիզաներ ստանալու հարցմանը:
«Ցավով տեղեկացա, որ Հայաստանի գեղասահորդները բաց կթողնեն Եվրոպայի առաջնությունը Շեֆիլդ քաղաքում։ Կարող եմ միայն պատկերացնել նրանց հիասթափության աստիճանը», - գրել է Քոուլը։
Հիշեցնենք` Ակոպովա–Ռախմանին զույգը մինչև 2024 թվականը ներկայացնում էր Ռուսաստանը, 2025 թվականից գեղասահորդները հանդես են գալիս Հայաստանի դրոշի ներքո: 2025 թվականի դեկտեմբերին նրանք հաղթեցին Հայաստանի առաջնությունում։