Համացանցը կրկին հասանելի է Իրանի որոշ օգտատերերի համար․ ԶԼՄ

Իրանում համացանցի հասանելիություն չի եղել 10 օր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. Համացանցը կրկին հասանելի է Իրանի որոշ օգտատերերի համար։ Տեղեկությունը հայտնում է «Mehr» գործակալությունը:
«Ինտերնետը, որը մի քանի օրով անջատված էր ահաբեկչական անկարգությունների պատճառով երկրի և նրա քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար ու կարևոր դեր էր խաղում ահաբեկիչների մոնիտորինգի և նույնականացման գործում, վերականգնվել է որոշ հաճախորդների համար», - ասվում է հաղորդագրության մեջ։
Իրանում համացանցի հասանելիություն չի եղել 10 օր։
Հիշեցնենք` Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում 2025–ի դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:
Հունվարի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե ԱՄՆ–ն պատրաստ է պաշտպանել Իրանի քաղաքացիներին, եթե այդ երկրի իշխանությունները ուժ կիրառեն նրանց դեմ: Թեհրանը դատապարտեց այդ սպառնալիքները։
Հունվարի 8-ին Իրանում անցկացվեցին ամենամասշտաբային բողոքի ցույցերը, որոնք հրահրվել էին 1979 թվականին տապալված շահի որդու՝ Ռեզա Փահլավիի կոչով: Այնուհետև փողոց դուրս եկան գործող իշխանության կողմնակիցները։
Ամերիկյան հարթակը Իրանի թեմայով խաղադրույքներ է ընդունում. ի՞նչ մտադրություն ունի ԱՄՆ–ն