Հացադուլ հայտարարած Նարեկ Սամսոնյանին անհապաղ վիրահատություն է անհրաժեշտ. Աստղիկ Մաթևոսյան

«Անտիֆեյքի» գխավոր խմբագիր Աստղիկ Մաթևոսյանը նամակն ընթերցելուց հետո շեշտեց, որ Նարեկ Սամսոնյանը ծայրահեղ քայլի է դիմել գիտակցված և ի նշան իր վճռական բողոքի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik․ Antifake.am-ի «Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակ Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը վատթարացել է, նրան անհապաղ վիրահատություն է անհրաժեշտ։ Այս մասին ասուլիսում հայտարարեց «Անտիֆեյքի» գխավոր խմբագիր Աստղիկ Մաթևոսյանը և ընթերցեց 9 օր առաջ հացադուլ հայտարարած Սամսոնյանի նամակը «Արմավիր» ՔԿՀ-ից։
Սամսոնյանը նշել է, որ մինչ իրեն ազատությունից զրկելը՝ նախորդ տարվա դեկտեմբերին, պլանային վիրահատություն պետք է կատարեր, որը պլանավորվել էր դեռևս սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։
«Քանի որ ռեժիմն ինձ «հետույք» բառի համար կալանավորեց, վիրահատությունը տեղի չունեցավ, իսկ բանտային պայմաններն էլ ավելի վատթարացրեցին իրավիճակը, և մենք ստիպված եղանք դիմել ինձ բուժող բժշկին «Արմավիր» ՔԿՀ այց կատարելու համար։ Տվյալ դիմումը գրել էինք հունվարի 5-ին, և ապօրինի կալանքի երկարացումից հետո հայտարարածս հացադուլի 7-րդ օրը բժիշկը հնարավորություն ունեցավ այցելելու և զննելու ինձ։ Այսինքն` դիմումը մուտքագրելուց 10 օր անց միայն բժշկին հնարավորություն տվեցին այցելել ինձ։ Հիմա, երբ բժիշկը ցուցել է շտապ վիրահատական միջամտություն, նույն ծառայությունն անհասկանալի պահանջներ է առաջ քաշում և ասում, որ տվյալ ցուցումը հնարավոր է իրականացնել նվազագույնը 10 օրում»,– գրել է Սամսոնյանը
Նա նշել է, որ իրեն առանց հանցակազմի առկայության պահում են ուղղակի գերության մեջ։
«Վերադաս ատյանն ասում է՝ ապօրինի եք կալանավորել, դրանից հետո 3 ամսով նոր ապօրինի որոշմամբ երկարացնում են գերության ժամկետը, դրանից հետո ինձ ոչինչ չի մնում, քան հացադուլի միջոցով արտահայտել բողոքս, հետո ինձ՝ հացադուլավորիս, տեղափոխում են պատժախուց, իսկ արդեն հիմա ասում են՝ «10 օրից շուտ չենք կարող տեղափոխել, կարգն է այդպիսին»։ Հիմա պատկերացրեք, թե մենք ինչ աստիճանի բարոյազուրկ քրեական հանցագործ ռեժիմի հետ գործ ունենք»,–գրել է Սամսոնյանը։
Աստղիկ Մաթևոսյանը նամակն ընթերցելուց հետո շեշտեց, որ Նարեկ Սամսոնյանը հացադուլի ծայրահեղ քայլին դիմել է գիտակցված, ի նշան իր վճռական բողոքի։
«Սովորական պայմաններում այդ վիրահատական միջամտությունը գուցե հնարավոր լինել 3 – 4 օր հետո կազմակերպել, բայց հացադուլի պայմաններում ամեն օրը ճակատագրական է»,–ասաց նա։
Սամսոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանն էլ նշեց, որ այս գործն ինքնին անհեթեթություն է, բայց դրա ֆոնին «Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին պահում են անազատության մեջ։
«Մենք բողոքարկելու ենք այս բոլոր որոշումները»,–ասաց Մելքոնյանը։
Հիշեցնենք` դիմակավորված ուժայինները նոյեմբերի 13-ի առավոտյան ներխուժեցին «Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներ և ձերբակալեցին նրանց։ Դրանից հետո «Անտիֆեյքի» գրասենյակում խուզարկություններ իրականացվեցին, առգրավվեց ամբողջ տեխնիկան։
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վիրավորանքին արձագանքելու համար։ Նրանք մեղադրվում են «Խուլիգանություն՝ հաղորդակցման միջոցների օգտագործմամբ» հոդվածի հատկանիշներով։ Ավելի ուշ Սամսոնյանն ու Սաղաթելյանը կալանավորվեցին։
Հունվաի 9-ին դատարանը 3 ամսով երկարացրեց նրանց կալանքը։