Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմանավորվածություններ. Սիրանուշ Սահակյան

Իրավապաշտպանի խոսքով` առանց իշխանության ներկայացուցիչների, առանց բանակցային գործընթացի՝ գերիների վերադարձի հարցը փակուղի կմտնի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Սիրիացի վարձկանների հանձնումն ու 4 հայ գերիների վերադարձը Ադրբեջանից տեղի ունեցավ համաժամանակյա, ինչը հնարավոր է բացառապես հանրային իշխանության ներկայացուցիչների ներգրավմամբ։ Այսօրվա ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
Սիրիացի վարձկաններին փոխանցելը Բաքվից հայ գերիների վերադարձի հետ կապ չունի. Նիկոլ Փաշինյան
«Մենք խոսում ենք փաստերի մակարդակով և առնվազն չենք կարող չնկատել իրադարձությունների ժամանակագրական համընկնումը։ Այսինքն՝ մեզ համար անհերքելի փաստն այն էր, որ սա տեղի ունեցավ համաժամանակյա։ Արդյոք սա զուգադիպությո՞ւն էր, պատահականություն, իհարկե, մեկնաբանություններ կարող են տրվել, բայց ո՞ր մեկնաբանությունն է, որը ողջամիտ է և կարող է ընկալելի լինել հասարակության աչքերում։ Մեր դիտանկյունը հստակ է, որ ցանկացած պարագայում վերադարձը խիստ կարևոր է, և մեզ համար ողջունելի է յուրաքանչյուր հայի վերադարձ, այստեղ 2-րդ կարծիք լինել չի կարող»,–ասաց Սահակյանը։
Նա ընդգծեց, որ գերիների յուրաքանչյուր վերադարձի հետևում կան քաղաքական պայմանավորվածություններ։
«Առանց իշխանության ներկայացուցիչների, առանց բանակցային գործընթացի հարցը կտանենք փակուղի, դրա համար լավագույն մոդելը փոխհամագործակցված գործելն է։ Հանրային իշխանությունը պետք է պահանջատեր լինի, որպեսզի այդ խնդիրը օր առաջ լուծում ստանա, իսկ քաղհասարակության ինստիտուտը պետք է ճիշտ միջավայր ձևավորի և միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրելով լրացուցիչ ճնշում գործադրի Ադրբեջանի իշխանությունների վրա, որպեսզի այս հարցը իր լուծումը ստանա»,–ասաց Սահակյանը։
Հիշեցնենք` հունվարի 14–ին Ադրբեջանը Հայաստանին փոխանցեց 4 գերիների` Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջյանին, Վիգեն Էուլջեքչյանին, Վագիֆ Խաչատրյանին: Կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ Հայաստանն էլ Թուրքիայի միջոցով Սիրիային է փոխանցել 44-օրյա պատերազմին որպես վարձկան մասնակցած և ՀՀ–ում ցմահ ազատազրկման դատապարտված 2 անձանց։