«Fitch»–ը բարձրացրել է ՀՀ–ի վարկանիշը` «կայունից» դարձնելով «դրական». Փաշինյանի արձագանքը

Ըստ գործակալության հայտարարության՝ Ադրբեջանի հետ կնքված խաղաղության համաձայնագրերը զգալիորեն նվազեցնում են մոտ ապագայում ռազմական էսկալացիայի ռիսկերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, հունվարի 17 – Sputnik. Միջազգային «Fitch Ratings» գործակալությունը բարձրացրել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը՝ «կայունից» դարձնելով «դրական», և հաստատել է վարկանիշը «BB-» մակարդակում (վարկանիշային սանդղակի 20-ից 13-րդ մակարդակ, որտեղ 20-ը նշանակում է դեֆոլտ)։
Ըստ գործակալության հայտարարության՝ ԱՄՆ աջակցությամբ Ադրբեջանի հետ կնքված խաղաղության համաձայնագրերը զգալիորեն նվազեցնում են մոտ ապագայում ռազմական էսկալացիայի ռիսկերը, սակայն անորոշ է մնում առաջիկա խորհրդարանական ընտրությունների և սահմանադրական փոփոխությունների հնարավոր հանրաքվեի պատճառով խաղաղության բանակցությունների ավարտը։ Թուրքիայի հետ հարաբերությունները նույնպես բարելավվել են, և սկսվել է առևտուրը Ադրբեջանի հետ և Ադրբեջանի միջոցով։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է գործակալության փոփոխությանը։
«Սա լոկ վիճակագրական փոփոխություն չէ. սա մասնագիտական հավաստում է առ այն, որ Հայաստանի որդեգրած տնտեսական քաղաքականությունն ու ինստիտուցիոնալ կայունությունը միջազգային շուկաներում ձեռք են բերում որակական նոր կշիռ: Սա վստահության հայտ է՝ ուղղված մեր պետության տնտեսական դիմակայունությանն ու քաղաքական կամքին։ Հայաստանի տնտեսական զարգացման ընթացքը թևակոխում է վստահության նոր փուլ»,– գրել է Փաշինյանը ֆեյսբուքյան էջում։
Ինչ վերաբերում է տնտեսական գործոններին, ապա «Fitch»-ը նշում է, որ 2025 թվականին բյուջեի դեֆիցիտը կազմել է ՀՆԱ-ի մոտավորապես 5.0%-ը, ինչն ավելի ցածր է, քան սկզբնապես կանխատեսված 5.5%-ը, բայց զգալիորեն բարձր է BB վարկանիշ ունեցող խմբի միջին ցուցանիշից (3.0%): 2026 թվականի բյուջեի պլանի համաձայն՝ դեֆիցիտը կնվազի մինչև ՀՆԱ-ի 4.5%-ը, այդ թվում՝ պաշտպանական ծախսերի կրճատման շնորհիվ (ՀՆԱ-ի 6.8%-ից մինչև 4.7%):
«Fitch»-ը նշել է, որ 2025 թվականի վերջին պետական պարտքը կազմել է ՀՆԱ-ի 50.1%-ը, ինչը ցածր է BB վարկանիշ ունեցող խմբի միջին ցուցանիշից (53.6%):
Ըստ գործակալության` Հայաստանի ՀՆԱ-ն 2025 թվականին աճել է 5.5%-ով և աստիճանաբար դանդաղում է (2022-24 թվականներին Ռուսաստանից կապիտալի և միգրանտների ներհոսքի պատճառով գրանցված 8.9% միջին աճի համեմատ): 2026-2027 թվականներին 5%-ից բարձր աճի տեմպերը, կանխատեսումների համաձայն, կշարունակեն բարձր մնալ՝ պայմանավորված ծառայությունների ոլորտի ակտիվությամբ և Ամուլսարի հանքավայրի բացմամբ, որը, ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի, 2026-2027 թվականներին երկրի ՀՆԱ-ի աճը կխթանի տարեկան 1.25%-ով։
Հիշեցնենք, որ վարկանիշային գործակալությունները վարկանիշների շարք են թողարկում տարբեր տեսակի արժեթղթերի համար։ Հիմնականը երկարաժամկետ արտարժութային արժեթղթերի վարկանիշն է։