ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Հայաստանի մի շարք հատվածներում ավտոճանապարհները մերկասառույցով են պատված։ Տեղեկությունը հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը` ներկայացնելով ժամը 9:00-ի տվյալները։
«Ապարանի, Արագածի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է»,– ասված է հաղորդագրությունում։
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը նույնպես փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Դեպարտամենտը վարորդներին հորդորում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։