ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի - Sputnik. Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) դեմ է Իրանի ներքին գործերին միջամտելուն: Այս մասին ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։
ՇՀԿ-ում ընդգծել են, որ կազմակերպությունը հավատարիմ է պետությունների ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը հարգելու, միջազգային հարաբերություններում ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքներին:
«ՇՀԿ-ն կոչ է անում ստեղծված իրավիճակը կարգավորել քաղաքական-դիվանագիտական միջոցներով», - ասված է կազմակերպության հայտարարության մեջ:
Հիշեցնենք` Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում 2025–ի դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:
Հունվարի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե ԱՄՆ–ն պատրաստ է պաշտպանել Իրանի քաղաքացիներին, եթե այդ երկրի իշխանությունները ուժ կիրառեն նրանց դեմ: Թեհրանը դատապարտեց այդ սպառնալիքները։
Հունվարի 8-ին Իրանում տեղի ունեցան ամենամասշտաբային բողոքի ցույցերը, որոնք հրահրվել էին 1979 թվականին տապալված շահի որդու՝ Ռեզա Փահլավիի կոչով: Այնուհետև փողոց էին դուրս եկել գործող իշխանության կողմնակիցները։