Միջանկյալ որոշում. Գևորգ եպիսկոպոսը վերականգնվել է Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում

Նա կկատարի թեմի առաջնորդի գործառույթները` մինչև համապատասխան գործընթացների արդյունքում կայանա վերջնական դատական ակտը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի - Sputnik. Արմավիրի մարզի դատարանի որոշմամբ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը վերականգնվել է Մասյացոտնի թեմի առաջնորդ պաշտոնում։
Ինչպես հայտնել ենք, Գևորգ եպիսկոպոս Սարոյանը Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու դեմ հայց էր ներկայացրել դատարան` պահանջելով անվավեր ճանաչել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից իրեն ազատելու մասին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությունը և վերականգնել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում:
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ Գևորգ եպիսկոպոսի հայցադիմումի միջնորդությունը դատարանը բավարարել է։
«Դատարանի որոշման համաձայն` Գևորգ եպիսկոպոս Սարոյանը կվերականգնվի Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև վերջնական դատական ակտի հրապարակումը»,- հայտնում է մեր աղբյուրը։
Հիշեցնենք` հունվարի 10–ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ազատվել էր թեմակալ առաջնորդի պաշտոնից։ Նրա փոխարեն առաջնորդական տեղապահ էր նշանակվել տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը։ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի՝ թեմակալ առաջնորդի պաշտոնից ազատմանը հետևեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքը. նա գրեց, որ կաթողիկոսի կայացրած որոշումներն իրենց համար արժեք չունեն և հայտարարեց, որ «տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը շարունակում է մնալ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ»։