ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի - Sputnik. Լրագրողական ընկերությունները դիմել են ՀՀ ազգային ժողովի ղեկավարությանը՝ պահանջելով չեղարկել Քնար Մանուկյանին և Սոնա Գրիգորյանին հավատարմագրումից զրկելու վիճահարույց որոշումը։
Ինչպես հայտնել ենք, Ազգային ժողովում այսօր միջադեպ տեղի ունեցավ. պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը դահլիճից դուրս հրավիրեց «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներ Քնար Մանուկյանին և Սոնա Գրիգորյանին։ Ավելի վաղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը արգելել էր այս լրագրողների մուտքը խորհրդարան, սակայն «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը այսօր նրանց անցագիր էր տրամադրել։ Անվտանգության աշխատակիցները լրագրողներին հանեցին ԱԺ շենքից։
«Պահանջում ենք թույլ տալ նրանց շարունակել մասնագիտական գործունեությունը խորհրդարանում, դրսևորել առավել հանդուրժողականություն և քաղաքական շրջահայացություն, վերանայել լրագրողների հետ հարաբերությունները և բարեփոխել խորհրդարանում նրանց հավատարմագրման և գործունեության կարգը՝ այն համապատասխանեցնելով ՀՀ օրենսդրությանը ու միջազգային նորմերին»- ասված է լրագրողական կազմակերպությունների տարածած հայտարարության մեջ։
Լրագրողական կազմակերպությունները կարծում են, որ անհրաժեշտ է նախաձեռնել քննարկումներ՝ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների և պատգամավորների փոխհարաբերությունները կարգավորող կանոնագիր ստեղծելու և դրա պահանջների կատարմանը հետևող մարմին ձևավորելու նպատակով։
Խորհրդարանին համատեղ դիմել են Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երևանի մամուլի ակումբը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստանը, Հանրային լրագրության ակումբը, «Լրագրողների հանուն մարդու իրավունքների» և «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ները։