Ալեն Սիմոնյանն էլ շնորհակալություն հայտնեց Հաքան Ֆիդանին

Ալեն Սիմոնյանը. Արխիվային լուսանկար
ՀՀ ԱԺ նախագահի կարծիքով՝ Ֆիդանը հայտարարությունը Հայաստանի ներքին գործերին միջամտելու պատրաստակամության ակնարկ չէր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik․ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը համաձայն չէ լրագրողների այն դիտարկումների հետ, թե Թուրքիայի արտգործնախարարը իր հայտարարությամբ ակնարկել և կամ անոնսել է Հայաստանի ներքին գործերին միջամտելու Թուրքիայի կանխատրամադրվածության մասին։ Այդ մասին նա ասաց այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում։
Նրա կարծիքով՝ այդտեղ Հայաստանի ներքին գործերին միջամտելու որևէ տարր չկա և իր հերթին շնորհակալություն հայտնեց Ֆիդանին։
«Շնորհակալություն եմ հայտնում Թուրքիայի արտգործնախարարին և բոլոր այն տարածաշրջանային գործընկերներին, որոնք աջակցում են ՀՀ հանրության մեծամասնության խաղաղության գնալու, առևտուր անելու, TRIPP-ի շրջանակներում այդ առևտուրը զարգացնելու կոչերին»,- ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հայտարարությանը։
Հիշեցնենք, Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը երեկ մասնավորապես ասել էր` ՀՀ-ում հունիսի ընտրությունները նույնպես կարևոր փուլ են լինելու։ «Բայց մենք տեսնում ենք, որ պարոն Փաշինյանը, ըստ հարցումների, առաջատարն է։ Մենք նաև անկեղծորեն աջակցում ենք այն կառուցողական դերին, որը նա որդեգրել է։ Այս գիծը, այս կամքը պետք է շարունակվի»։
Ֆիդանը հաստատել էր, որ Թուրքիան և Ադրբեջանը համատեղ ուսումնասիրել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև քննարկված նախաձեռնությունը` «Թրամփի ուղին», և հավելել, որ այն նույնականացնում է իրենց կողմից առաջ մղվող «Զանգեզուրի միջանցքի» օրակարգի հետ։ Նա փաստել է, որ այդ թեման մանրամասն քննարկվել է Ադրբեջանի հետ, զեկուցվել է Թուրքիայի նախագահին, և գործընթացը դիտարկվում է որպես տարածաշրջանային ռազմավարական նախագծի մաս։