Վագիֆ Խաչատրյանը վերակենդանացման բաժանմունքում է, նրա առողջական վիճակը միջին ծանրության է

Թեև վերակենդանացման բաժանմունքում այցելություններն արգելված են համաճարակաբանական պատճառներով, բայց երեկ երեկոյան Վագիֆ Խաչատրյանի հարազատների համար հիվանդանոցը բացառություն է արել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Ադրբեջանի գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանն այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրա առողջական վիճակը միջին ծանրության է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Նորք-Մարաշ բժշկական կենտրոնի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի ծառայության ղեկավար Էդուարդ Պետրոսյանը։
«Վագիֆ Խաչատրյանն այս պահին գտնվում է վերակենդանացման ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, ստանում է իր ախտորոշմանը համապատասխան բուժումներ, անցնում է որոշակի հետազոտություններ՝ հետագա բուժման տակտիկան որոշելու համար։ Հավանաբար ինտենսիվ բուժական փուլն անցնելուց հետո մի քանի օրով կտեղափոխվի հիվանդասենյակ` հարազատների խնամքի պայմաններում, նրանց հետ շփումն ապահովման համար, մինչև որոշվի հետագա բուժումը, և ըստ դրա շարժվենք առաջ»,–ասաց Պետրոսյանը։
Նա ընդգծեց, թեև վերակենդանացման բաժանմունքում այցելությունները արգելված են համաճարակաբանական պատճառներով, բայց երեկ երեկոյան բացառություն են արել։
«Վագիֆ Խաչատրյանի հարազատները նրան տեսել են, շփվել են։ Թույլ ենք տվել, հաշվի առնելով, մարդն ինչերի միջով է անցել։ Ի զարմանս ինձ Խաչատրյանը բավականին լավ հոգեբանական վիճակում է գտնվում, բավականին աշխույժ շփվում է բուժանձնակազմի հետ։ Փորձում ենք ցավոտ հարցեր, ցավոտ թեմաներ ընդհանրապես չքննարկել նրա հետ»,–ասաց Պետրոսյանը։
Հիշեցնենք նաև, որ անհետաձգելի բուժօգնություն ստանալու համար Արցախից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները առևանգեցին 2023թ–ի հուլիսի 29–ին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է ներկայացվել, ըստ որի` Վագիֆ Խաչատրյանն իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործությունների։
Խաչատրյանը դատական նիստերի ընթացքում բազմիցս հայտարարել է, որ որևէ հանցագործություն չի կատարել։
Գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է կնոջը` Լինդային