ՌԴ–ն պատրաստ է փոխշահավետ համագործակցության բոլոր երկրների հետ՝ առանց բացառության. Պուտին

Ռուսաստանը հետևողականորեն հանդես է գալիս երկարատև և կայուն խաղաղության հաստատման օգտին, որը անվտանգություն կապահովի բոլորի համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Ռուսաստանը բաց է փոխշահավետ համագործակցության համար բոլոր պետությունների հետ՝ առանց բացառության, և ձգտում է երկարատև ու կայուն խաղաղության: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ նորանշանակ օտարերկրյա դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ:
Միջոցառումը կայացել է այսօր Կրեմլում։ Պետության ղեկավարին հավատարմագրեր են հանձնել 34 օտարերկրյա պետությունների ներկայացուցիչներ:
«Մենք բաց ենք փոխշահավետ համագործակցության համար բոլոր երկրների հետ՝ առանց բացառության»,- իր ելույթում ընդգծել է Պուտինը:
Նախագահը նշել է, որ Ռուսաստանը հետևողականորեն հանդես է գալիս երկարատև և կայուն խաղաղության հասնելու օգտին, որը հուսալիորեն կապահովեր բոլորի անվտանգությունը:
Պուտինն առաջարկում է վերադառնալ Ռուսաստանի առաջարկների քննարկմանը
«Հենց այդպիսի՝ բոլորի և յուրաքանչյուրը հուսալի անվտանգությունն ապահովող խաղաղության է ձգտում մեր երկիրը»,-հայտարարել է նա։
Պուտինը նաև հույս է հայտնել, որ նման մոտեցման անհրաժեշտությունը ժամանակի ընթացքում կգիտակցեն թե՛ Կիևում, թե՛ նրան սատարող մայրաքաղաքներում:
«Ոչ ամեն տեղ են պատրաստ դրան, այդ թվում՝ Կիևում և նրան սատարող մայրաքաղաքներում, բայց մենք հուսով ենք, որ նման անհրաժեշտության գիտակցումը վաղ թե ուշ կգա»,- ասել է նախագահը:
Պետության ղեկավարն անդրադարձել է նաև եվրոպական երկրների հետ հարաբերությունների թեմային՝ նշելով, որ մի շարք առանցքային միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ փոխգործակցությունը հիմա սառեցված է: Այդուհանդերձ, Ռուսաստանը, նրա խոսքով, պատրաստ է վերականգնել հարաբերությունների անհրաժեշտ մակարդակը:
«Ուզում եմ հավատալ, որ ժամանակի ընթացքում իրավիճակը կփոխվի, և մեր պետությունները կվերադառնան բնականոն կառուցողական շփման՝ ազգային շահերը հարգելու և անվտանգության ոլորտում օրինական մտահոգությունները հաշվի առնելու սկզբունքով»,- հայտարարել է Պուտինը՝ ընդգծելով, որ Ռուսաստանը հավատարիմ է մնում հենց այդպիսի մոտեցումներին:
Բացի այդ, ՌԴ նախագահը հիշեցրել է, որ Մոսկվան բազմիցս հանդես է եկել եվրոպական և գլոբալ անվտանգության նոր, հուսալի և արդար ճարտարապետության ձևավորման նախաձեռնություններով: Նրա խոսքով՝ Ռուսաստանն առաջարկել է ռացիոնալ լուծումներ, որոնք կարող էին գոհացնել բոլոր կողմերին՝ Եվրոպայում, ԱՄՆ-ում, Ասիայում և աշխարհի այլ տարածաշրջաններում:
Կրեմլը համաձայն է Թրամփի հետ. Ուկրաինայում կարգավորման գործընթացն արգելակում է Զելենսկին