Իրանը փակել է օդային տարածքը և միայն հատուկ չվերթեր է ընդունում

Թեհրանի որոշման պատճառով ինքնաթիռները վերադառնում են մեկնման օդանավակայաններ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Իրանի իշխանությունները բողոքի ցույցերի ֆոնին ժամանակավորապես փակել են երկրի օդային տարածքը: Flightradar24-ը հայտնում է, որ Իրանը հիմա միայն հատուկ թույլտվություն ունեցող միջազգային չվերթեր է ընդունում։
Հունվարի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանում ցույցեր իրականացնողներին հորդորեց շարունակել ակցիաները և գրավել իշխանության մարմինները: Նա օգնություն խոստացավ անկարգությունների մասնակիցներին՝ «Truth Social» սոցցանցում գրելով, որ օգնությունը ճանապարհին է: Թրամփը նաև սպառնաց, որ լուրջ գործողություններ կլինեն, եթե Իրանում սկսեն մահապատժի ենթարկել ցուցարարներին։
«Իրանը նոր ծանուցում է տարածել, համաձայն որի` կփակվի օդային տարածքը բոլոր չվերթերի համար` բացառությամբ Իրանից և դեպի Իրան իրականացվող միջազգային չվերթերի, որոնց համար թույլտվություն է տրվում», – ասվում է X սոցցանցում հրապարակված գրառման մեջ:
Հնդկաստանի խոշորագույն ավիաընկերությունները՝ «Air India»-ն և «IndiGo»-ն, հայտարարել են, որ իրենց մի շարք չվերթերի ժամանակացույցը փոխվել և հետաձգվել է։ «Uzbekistan airports»-ի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ Իրանի օդային տարածքի փակման պատճառով Ուզբեկստանի և արտասահմանյան ավիաընկերությունների կողմից իրականացվող 6 չվերթի ինքնաթիռներ ստիպված են եղել վերադառնալ մեկնման օդանավակայաններ։
Հիշեցնենք` Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում 2025–ի դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:
Հունվարի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե ԱՄՆ–ն պատրաստ է պաշտպանել Իրանի քաղաքացիներին, եթե այդ երկրի իշխանությունները ուժ կիրառեն նրանց դեմ: Թեհրանը դատապարտեց այդ սպառնալիքները։
Հունվարի 8-ին Իրանում տեղի ունեցան ամենամասշտաբային բողոքի ցույցերը, որոնք հրահրվել էին 1979 թվականին տապալված շահի որդու՝ Ռեզա Փահլավիի կոչով: Այնուհետև փողոց էին դուրս եկել գործող իշխանության կողմնակիցները։