ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik․ ՀՀ կառավարությունը 7 միլիոն դրամին հասնող պարգևատրումներով պայքարում է կոռուպցիայի դեմ և գրավիչ դարձնում պետական համակարգում աշխատելը։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք նորմալ է, որ կենսաթոշակների և շարքային աշխատողների աշխատավարձերը բարձրացնելու փոխարեն հարկերն այս «համեստ» պարգևատրումներին են ուղղվում։
«Մենք որդեգրել ենք անբասիր և որևէ ազդեցությունից զերծ պաշտոնյայի տեսլականը, և այդ տեսլականն իրականացնելու և կառավարության արդյունավետությունը բարձրացնելու համար մենք համարում ենք այս որոշումն անհրաժեշտ»,- ասաց Փաշինյանը։
Կառավարության ղեկավարը վստահ է, որ շուտով Հայաստան են հոսելու մեծ ներդրումներ, մրցակցություն է առաջանալու, հետևաբար կոռուպցիոն ռիսկերը էականորեն կարող են մեծանալ։ Ուստի փորձում են պաշտոնյաներին և պետական համակարգը պաշտպանել կոռուպցիոն ռիսկերից։
Հիմնավորումներից մեկն էլ, ըստ Փաշինյանի, այն է, որ պետական համակարգում աշխատանքի մրցունակությունը պետք է շարունակաբար բարձրացնել, որովհետև պետական համակարգից որակյալ աշխատողների արտահոսք կա դեպի մասնավոր հատված։
Նրա խոսքով՝ շատ պաշտոնյաներ չեն կարողանում իրենց իրավունքները դատական կարգով պաշտպանել, որովհետև ունեն ֆինանսական սահմանափակումներ։
«Մենք դեպքեր ունեն, երբ մարդիկ իրենց պարզ իրավունքները պաշտպանելու համար, ճիշտ է, դատարանի որոշումներով հասել են լուծումների, բայց 1-1,5 մլն դրամ գումար են ծախսել, սակայն դատարանները փոխհատուցել են նրանց դատական ծախսերի ընդամենը 10 կամ 20 տոկոսը։ Մենք տեսնում ենք միտումներ, երբ հայտնի շրջանակները բազմամիլիոնանոց դրամների հայցեր են ներկայացնում պետական պաշտոնյաների դեմ։ Մենք դա գնահատում ենք որպես պետական համակարգը կաթվածահար անելու հիբրիդային սպառնալիք»,- ասաց Փաշինյանը։
Միլիոնավոր դրամների պարգևատրումների հիմնավորումներից մեկն էլ «ֆինանսական սահմանափակումներ» ունեցող պաշտոնյաներին դատական կարգով իրենց իրավունքները պաշտպանելու հնարավորություն տալն է։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է մի փաստաթուղթ, որով խրախուսման ֆոնդից շուրջ 3 մլրդ դրամ է հատկացվել ՀՀ վերնախավին պարգևավճարներ տալու համար։ Այսպես՝ բաժնի պետերը ստացել են մոտ 1,5–2 միլիոն դրամ, վարչության պետերը՝ 2,5–3 միլիոն դրամ, փոխնախարարները՝ 3,5–4,5 միլիոն դրամ, իսկ նախարարները՝ մինչև 6–7 միլիոն դրամ։