ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik․ Հայաստանում հեղուկ գազի թանկացումը պայմանավորված է աշխարհաքաղաքական ու տնտեսական մի քանի գործոնով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
Հեղուկ գազի գինը Հայաստանում
© Sputnik
Հայաստանյան շուկայում վերջին օրերին կտրուկ թանկացել է ավանդաբար ամենաէժան հեղուկ վառելիքը համարվող հեղուկ գազը։ Եթե նախորդ շաբաթ լցակայաններում առավելագույն արժեքը 1 լիտրի դիմաց 200 դրամն էր, ապա այսօր գները տատանվում են 230-270 դրամի միջակայքում։
«Հիմնական պատճառը, ինչպես և ամեն տարի հունվար–փետրվար ամիսներին, Վերին Լարսի անցակետով բեռնափոխադրումների դանդաղումը կամ դադարեցումն է։ Երկրորդը` Իրանում ստեղծված իրավիճակն է, քանի որ Հայաստան ներկվող հեղուկ գազի շուրջ 15-20 տոկոսը գալիս է հենց այդ երկրից։ Եվ երրորդ պատճառը կարող է լինել համաշխարհային շուկայում նավթի գների աճը` պայմանավորված Վենեսուելայի նավթային շուկայում ԱՄՆ–ի հարձակման հետևանքով առաջացած անորոշություններով»,– ասաց Պարսյանը։
ՌԴ–ից Հայաստան ներկրվող վառելիքի գների վրա որոշակի բացասական ազդեցություն է թողնում նաև վերջին շրջանում ռուսական ռուբլու արժևորումը։
Պարսյանի խոսքով` թանկացման հանգեցնող գործոնների հանդեպ հայաստանյան շուկայի կտրուկ արձագանքը պայմանավորված է նաև հեղուկ վառելիքի պահեստավորման խիստ սահմանափակ հնարավորություններով։
«Հայաստանում մի քանի տնտեսվարող կա, որ կարող է որոշակի քանակությամբ հեղուկ գազ պահեստավորել։ Մյուսները նախընտրում են բերել և սպառել. այդ պարագայում պահեստավորման ծախսերը զրոյանում են։ Բազմաթիվ գազալցակայաններ պահեստներ չունեն և ստիպված են լինում ապրանքը բերել ու միանգամից վաճառել կամ ավելի բարձր գնով գնում են պահեստավորման հնարավորություն ունեցող տնտեսվարողից և, բնականաբար, ավելի թանկ էլ վաճառում են»,– պարզաբանեց տնտեսագետը։
Շատ հաճախ հեղուկ գազի գինը բարձրացնում են հենց Վերին Լարսի սահմանին պահեստավորման հնարավորություն ունեցող տնտեսվարողները։
«Տեսնելով, որ անցակետում բեռնափոխադրումների խնդիր կա` իրենք գազի գինը միանգամից բարձրացնում են։ Այսինքն` կապ չունի` ինչքանով են բերել, պահն օգտագործում են։ Սպեկուլյացիա է տեղի ունենում»,– նշեց Պարսյանը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանից ներկրված էժան բենզինին, որի հետևանքով Հայաստանի բենզինի շուկայում գնանկում արձանագրվեց, մեր զրուցակցի կարծիքով, հեղուկ գազի շուկայի վրա այդ հանգամանքը չէր կարող որևէ կերպ ազդել։
Բայց եթե հետագայում Ռուսաստանից ներկրվող հեղուկ գազը, օրինակ, ձմռանը Հայաստան գա ոչ թե Վերին Լարսով, այլ Ադրբեջանի տարածքով, դա կարող է որոշակի դրական էֆեկտ ապահովել, առավել ևս, եթե վերագործարկվի Հայաստան–Ադրբեջան երկաթուղային կապը Ղազախով։