ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Ադրբեջանական գերությունից ազատված Վագիֆ Խաչատրյանը «Նորք–Մարաշ» սրտաբանական բժշկական կենտրոնում է։ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ԲԿ է գնացել` նրան տեսակցելու։
«Կհասկանանք` ինչի անհրաժեշտություն ունի, կգնահատվի առողջական վիճակը։ Ուրախ և երջանիկ ենք, որ մեր հայրենակիցները Հայաստանում են»,– լրագրողների հետ զրույցում ասաց Ավանեսյանը։
Նախարարը տեղեկություններ չհայտնեց գերությունից ազատված մյուս անձանց գտնվելու վայրի մասին, միայն նշեց, որ նրանց առողջական վիճակը բավարար է։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտնեց, որ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքչյանը և Վագիֆ Խաչատրյանը Հակարի կամրջով Ադրբեջանի համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվել են Հայաստանի համապատասխան մարմինների ներկայացուցիչներին և հիմա գտնվում են ՀՀ տարածքում։
Կարճ ժամանակ անց նա ևս մեկ գրառում արեց` նշելով, որ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքչյանը նախնական զննությամբ առողջական խնդիրներ չունեն, Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը նախնական գնահատվում է բավարար։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ՀՀ–ում ցմահ ազատազրկման դատապարտված 2 վարձկանները` Սիրիայի քաղաքացիներ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին, Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիայի Արաբական Հանրապետության իրավասու մարմիններին։
Հիշեցնենք նաև, որ անհետաձգելի բուժօգնություն ստանալու համար Արցախից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները առևանգեցին 2023թ–ի հուլիսի 29–ին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է ներկայացվել, ըստ որի` Վագիֆ Խաչատրյանն իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործությունների։
Խաչատրյանը դատական նիստերի ընթացքում բազմիցս հայտարարել է, որ որևէ հանցագործություն չի կատարել։