ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի - Sputnik. «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը խիստ մտահոգված է «Թրամփի ուղի» նախագծի վերաբերյալ Հայաստանի և ԱՄՆ–ի միջև ընդունված հայտարարությունից։ Այս մասին Սուրենյանցն ասաց ասուլիսի ժամանակ։
Ինչպես հայտնի է, հունվարի 13–ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպում են ունեցել Վաշինգտոնում, ապա հրապարակել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։
«TRIPP նախագծի իրականացման վերաբերյալ հայտարարությանը ծանոթանալուց հետո իմ վերապահումներն ավելի շեշտված և արտահայտված դարձան։ Մտահոգություններս ավելի խորացան։ Փաստաթղթի նախնական ուսումնասիրությունից այն համոզման եմ, որ այստեղ «ինքնիշխանություն» և «իրավազորություն» բառերը միտումնավոր շատ հաճախ օգտագործված են քողարկելու այն փաստը, որ Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը սահմանափակվում են։ Երևի Փաշինյանի թիմի խնդրանքն է եղել, որ այդ բառերն օգտագործելով՝ քողարկվի իրական բովանդակությունը»,- նշեց Սուրենյանցը։
Ըստ նրա՝ «ինքնիշխանություն» և «իրավազորություն» բառերն այդ փաստաթղթում դեկլարատիվ բնույթ ունեն։ Շեշտեց՝ որքան Նիկոլ Փաշինյանը խոսում է աննախադեպ ինքնիշխանության մասին, այնքան Հայաստանի սուբյեկտայնությունը կիտրոնի պես ճզմվում է։ Ընդգծեց նաև, որ աննախադեպ դեմոկրատիայի մասին խոսելիս էլ ՀՀ-ում ավելանում են քաղբանտարկյալների թիվը։
Սուրենյանցը շեշտեց՝ դատելով ԱՄՆ-ի և Հայաստանի մասնաբաժիններից (ԱՄՆ՝ 74%, Հայաստանը՝ 26%)՝ ստացվում է, որ մեր երկրի դերը երկրորդական է լինելու «Թրամփի ուղու» հատվածում, որքան էլ ՀՀ իշխանությունները հակառակը պնդեն։
«Այսպիսով, TRIPP-ը դառնում է տարածաշրջանի վերադասավորման գործիք։ Սա մի նախագիծ է, որ ամբողջովին համապատասխանում է ԱՄՆ-ի, Ադրբեջանի, Իսրայելի, Թուրքիայի շահերին։ Կարճաժամկետ հեռանկարում այս նախագիծը հակազդեցության կհանգեցնի ՀՀ առնվազն 4 գործընկերոջ կողմից՝ Իրան, Ռուսաստան, Չինաստան և Հնդկաստան։ Ըստ այս փաստաթղթի բովանդակության՝ Թրամփի և Ալիևի միջև տեղի է ունեցել գործարք, որտեղ Փաշինյանը բուտաֆորիայի դեր է կատարել»,- նշեց Սուրենյանցը։
Վստահ է՝ այս նախագիծը չի կարող նպաստել Հարավային Կովկասում կայուն խաղաղությանը։ Շեշտեց՝ TRIPP նախագիծն այն տեսքով, որ ներկայացվել է, էապես սահմանափակում է Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։