«Թրամփի ուղու» համար կվարձեն մասնավոր օպերատորներ. Միրզոյանի և Ռուբիոյի հայտարարությունը

Արարատ Միրզոյանի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը Վաշինգտոնում
Հայաստանն այս նախագիծը դիտարկում է որպես ենթակառուցվածքների, տնտեսական զարգացման և տարածաշրջանային ինտեգրման համար երկարատև համագործակցության հիմք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր հանդիպում են ունեցել Վաշինգտոնում՝ հրապարակելու «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ շրջանակն ուրվագծում է TRIPP-ի գործարկման կոնկրետ ուղին, որը նախատեսված է Հայաստանի տարածքով անխոչընդոտ, մուլտիմոդալ տարանցիկ փոխկապակցվածության հաստատման համար։ Կապելով Ադրբեջանի հիմնական մասն իր Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ և ստեղծելով Տրանս-Կասպյան առևտրային երթուղու կենսական օղակ՝ ակնկալվում է, որ TRIPP-ը միջազգային և ներպետական փոխկապակցվածության փոխադարձ առավելություններ կստեղծի Հայաստանի Հանրապետության համար։
«Այս փաստաթուղթն ուրվագծում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» իրականացման շրջանակը։ Այս շրջանակը չի առաջացնում և միտված չէ առաջացնել իրավական հանձնառություններ կամ պարտավորություններ Հայաստանի կամ ԱՄՆ-ի համար»,–ասված է հայտարարության մեջ։
Փաստաթղթում կրկին ընդգծվում է, որ TRIPP-ի իրականացման շրջանակն ընդգծում է ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և փոխադարձության կարևորությունը: Նշվում է, թե TRIPP-ի վերջնական նպատակն է ամրապնդել Հայաստանի և Ադրբեջանի բարգավաճումն ու անվտանգությունը և խթանել ամերիկյան առևտուրն՝ ընդլայնելով տարածաշրջանային առևտուրն ու փոխկապվածությունը, ինչպես նաև ստեղծելով Կենտրոնական Ասիան և Կասպից ծովը Եվրոպային կապող նոր տարանցիկ հնարավորություններ:
«Երկրներից յուրաքանչյուրը մտադիր է նշանակել բարձրաստիճան պետական ​​պաշտոնյայի՝ որպես TRIPP-ի իրականացման հիմնական համակարգող, որը պատասխանատու կլինի միջգերատեսչական համակարգման համար և կծառայի որպես TRIPP զարգացման ընկերության հետ կապի հիմնական անձ»,–ասված է Վաշինգտոնում ընդունված հայտարարության մեջ։
Ըստ փաստաթղթի՝ Հայաստանը մտադիր է թույլատրել և աջակցել TRIPP զարգացման ընկերության հիմնմանը։ Ակնկալվում է, որ ընկերությունը պատասխանատու կլինի TRIPP-ի զարգացման համար՝ 49 տարի նախնական ժամկետով նրան տրամադրվող կառուցապատման իրավունքով։ Հայաստանը մտադիր է ԱՄՆ-ին առաջարկել TRIPP զարգացման ընկերության 74 % մասնաբաժինը և պահպանել 26 % մասնաբաժինը։ Ակնկալվում է, որ այս համագործակցությունը կերկարաձգվի ևս 50 տարով՝ Հայաստանի կառավարությանը հավելյալ սեփականության տրամադրմամբ նրա մասնաբաժինը դարձնելով 49 %։
Փաստաթղթում ընդգծվում է նաև TRIPP-ի միջոցով ԱՄՆ ակնկալվող օգուտները, դրանք են` նոր շուկաների բացում ամերիկյան ներդրումների, բիզնեսի ու ապրանքների համար, տարածաշրջանում առևտրի համար փոխկապակցվածություն, որը հումք, կարևորագույն հանքանյութեր և հազվագյուտ մետաղներ կբերի ամերիկյան շուկաներ, ԱՄՆ–ի, Եվրոպայի և Ասիայի միջև հավելյալ առևտրային ուղիների տարբերակների մշակում՝ ապահովելով, որ մարդիկ և ապրանքները կարողանան տեղաշարժվել՝ անկախ աշխարհաքաղաքական փոփոխություններից։
Իսկ TRIPP-ի միջոցով Հայաստանն ակնկալում է ունենալ զբաղվածություն. աշխատանքի հնարավորություններ Հայաստանի որակավորված քաղաքացիների համար, համատեղ ձեռնարկներ. հնարավորություններ միջազգային և hայաստանյան ընկերությունների միջև, տեխնոլոգիայի փոխանցում. կարողությունների զարգացում hայաստանյան ընկերությունների համար, վերապատրաստում. հմտությունների զարգացում հայաստանյան աշխատուժի համար, վերաներդրում տարածաշրջանում։
Փաստաթղթում նշվում է, որ TPIPP զարգացման ընկերությունում Հայաստանի մասնաբաժինն արտացոլում է նրա ներդրումը հողօգտագործման (կառուցապատման) իրավունքներ տարանցիկ երթուղիների շրջանակներում, գոյություն ունեցող ենթակառուցվածքային ակտիվնեում (ենթակա է հետագա քննարկման), սահմանային և մաքսային ենթակառուցվածքների հետ կապված ոչ դրամական ներդրումներու, նաև կանխիկ ներդրումներ՝ ըստ անհրաժեշտության։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
Թեհրանը վճռականորեն դեմ է դրան. Իրանում ՀՀ դեսպանը և Ալի Վելայաթիին քննարկել են TRIPP–ը