«Թրամփի ուղու» ամբողջ ծածկույթով պետական որևէ գործառույթ չի արտապատվիրակվելու․ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարարը շեշտում է՝ համաձայնեցվել է միայն այն, ինչ հրապարակվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik․ՀՀ ծառայությունների ներկայացուցիչներն են ծառայություն իրականացնելու ՀՀ բոլոր սահմանային և մաքսային կետերում։ Այսօր Վաշինգտոնում ՀՀ դեսպանությունում հեռավար մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով «Թրամփի ուղու» (TRIPP) կենսագործման շուրջ ստորագրված նոր հայտարարությանը։
Ինչպես հայտնի է, հունվարի 13–ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպում են ունեցել Վաշինգտոնում, ապա հրապարակել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։
Արարատ Միրզոյանը շեշտում է՝ չի լինելու TRIPP ենթակառուցվածքների որևէ հատված, որտեղ որևէ կերպ կսահմանափակվի ՀՀ ինքնիշխանությունն ու իրավազորությունը։
«Պետական որևէ գործառույթ չի արտապատվիրակվելու, TRIPP-ի ամբողջ ծածկույթով ՀՀ իրավապահ, անվտանգային, արտակարգ իրավիճակներում իրավասու մարմինների ամբողջական հասանելիությունն ապահովվում է, ներկայությունը սահմանապահ, մաքային մարմիններում մշտապես ապահովվում է»,- հավելեց Միրզոյանը։
Շշետեց՝ համաձայնեցված է այն, ինչ հանձնված է թղթին և հրապարակվել է. որևէ կուլիսային պայմավորվածություն կամ դավադրության տեսություն չկա։
«Ավելին համաձայնեցված չէ, չկա որևէ պայման, որ բարձրացվել է, բանակցվել է, համաձայնեցվել է, բայց չի հրապարակվել՝ ինչ-ինչ նկատառումներից ելնելով»,- իր խոսքում նշեց Միրզոյանը։
Միրզոյանի խոսքով՝ սա ևս վերջնական փաստաթուղթ չէ, բայց հաջորդիվ փաստաթղթերը չեն կարող շեղվել արդեն իսկ համաձայնեցված և ստորագրված փաստաթղթերից։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։