«Թրամփի ուղին» գոհացնում է Հայաստանին, ԱՄՆ-ին և երևի Ադրբեջանին. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. Արխիվային լուսանկար
ՀՀ վարչապետը Հարավային Կովկասն անվանել է անվտանգ միջավայր՝ աշխարհում տեղի ունեցող բուռն գործընթացների ֆոնին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. «Թրամփի ուղու» իրականացման հարցում կողմերին հաջողվել է ստանալ մի բանաձև, որը լիովին գոհացնում է Հայաստանին, ԱՄՆ-ին և, ամենայն հավանականությամբ, Ադրբեջանին։ Այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում անցկացվող «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» քննարկմանը, որին մասնակցել են ԱՄՆ-ի և ԵՄ-ի դեսպանները։
Նախագծի իրագործման շրջանակների մասին համատեղ հայտարարությունն ընդունվել էր նախօրեին Վաշինգտոնում՝ ՀՀ արտգործնախարարի և ԱՄՆ պետքարտուղարի բանակցությունների արդյունքում։
«Այսպիսով` կանաչ լույս է վառվում տարածաշրջանում երկարատև ու կայուն խաղաղություն հաստատելու գործում։ Ակնհայտ է, որ մեր տարածաշրջան ներհոսելու են մեծ ներդրումներ և մեծ փողեր։ Դա շատ լավ նորություն է»,– ընդգծեց Փաշինյանը։
Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանը դեռ չի արձագանքել փաստաթղթին, սակայն նա կարծում է, որ մշակված բանաձևը լիովին համահունչ է Բաքվի շահերին։
Վարչապետը համոզված է, որ «Թրամփի ուղու» իրականացումն այսօր այս տարածաշրջանը դարձել է անվտանգ միջավայր, հատկապես աշխարհում տեղի ունեցող բուռն իրադարձությունների ֆոնին։
Նա նաև հայտարարեց, որ հաջորդիվ պետք է զարգացում ունենանք Հայաստան–Թուրքիա հարթության վրա։
«Սա նույնիսկ անհավատալի և աներևակայելի պոզիտիվ միջավայր է, որում մենք հայտնվել ենք, որը չի նշանակում, որ բոլոր հարցերը լուծված են, սակայն այդ հարցերի բոլոր բանաձևերը որոշված են»,– կարծում է նա։
ՀՀ վարչապետն ավելացրեց, որ Հայաստանը հետաքրքրված է նաև նախագծին Եվրամիության մասնակցությամբ:
«Անհրաժեշտ է ԵՄ մեր գործընկերների հետ մանրամասն քննարկել նաև Եվրամիության ներգրավվածության ձևաչափը և կոնկրետ նախագծերը։ Մենք շահագրգռված ենք դրանում»,– ասաց Փաշինյանը:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
Միրզոյանը բացատրել է՝ ինչու է TRIPP ընկերության բաժնեմասերի մեծ մասն ԱՄՆ-ին պատկանելու