ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik․ Եվրոպական կառույցները տարիներ շարունակ միլիոնավոր գումարներ են ներդրել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, խոսքի ազատության պաշտպանության համար, իսկ այսօր նույն կառույցները լուռ են, երբ մեր երկրում տասնյակ քաղբանտարկյալներ կան։ Այսօր Երևանում ԵԽ գրասենյակի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Անտիֆեյք»-ի գխավոր խմբագիր Աստղիկ Մաթևոսյանը։
Հիշեցրեց՝ նախկինում, երբ որևէ լրագրողի մատը փուշ էր մտնում կամ երբ կասկածներ կային քաղբանտարկյալներ լինելու առնչությամբ, տասնյակ դեսպաններ այցելում էին նրանց, ՀՀ իշխանություններից պահանջում էին քայլեր ձեռնարկել և այլն։ Նրա խոսքով՝ վերջերս ԵԽ լրագրողների անվտանգության հարթակը հերթական թարմացումն է հրապարակել, որտեղ նշվում է, որ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է 3 ամիս ժամկետով, իսկ Սամսոնյանը նաև անժամկետ հացադուլ է հայտարարել։ Թեպետ այս դիտարկումների համար շնորհակալ են, սակայն քաղաքական արձագանք են ակնկալում։
«Մենք ակնկալում ենք քաղաքական արձագանք, ակնկալում ենք միջամտություն՝ ՀՀ իշխանությունների կողմից ոտնձգություններին, խոսքի ազատության արժեքներին, քանի որ հենց ձեր կառույցներն են տարիներ շարունակ ֆինանսավորել ՀՀ-ում ժողովրդավարության, խոսքի ազատության պաշտպանության ամրապնդմանը»,- հայտարարեց նա։
Հիշեցնենք` դիմակավորված ուժայինները նոյեմբերի 13-ի առավոտյան ներխուժեցին «Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներ և ձերբակալեցին նրանց։ Դրանից հետո «Անտիֆեյքի» գրասենյակում խուզարկություններ իրականացվեցին, առգրավվեց ամբողջ տեխնիկան։
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վիրավորանքին արձագանքելու համար։ Նրանք մեղադրվում են «Խուլիգանություն՝ հաղորդակցման միջոցների օգտագործմամբ» հոդվածի հատկանիշներով։ Ավելի ուշ Սամսոնյանն ու Սաղաթելյանը կալանավորվեցին։
Հունվարի 9-ին դատարանը 3 ամսով երկարացրեց նրանց կալանքի ժամկետը։ Նարեկ Սամսոնյանը դատարանի որոշումը լսելուց հետո անժամկետ հացադուլ հայտարարեց։