Միրզոյանը բացատրել է՝ ինչու է TRIPP ընկերության բաժնեմասերի մեծ մասն ԱՄՆ-ին պատկանելու

Արարատ Միրզոյանը. Արխիվային լուսանկար
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի կարծիքով՝ բաժնեմասերի արդարացի բաշխում է արվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik․ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը բացատրել է՝ ինչու՞ է TRIPP ընկերության բաժնեմասերի ընդամենը 26 տոկոսը Հայաստանինը լինելու, իսկ մեծ մասը՝ 74 տոկոսը՝ ԱՄՆ-ին է պատկանելու։
Նշենք, որ հունվարի 13–ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպում են ունեցել Վաշինգտոնում՝ հրապարակելու «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։
«Բանակցությունների արդյունք է, և արտացոլում է երկրների ներդրումները։ Գաղտնիք չէ, որ Միացյալ Նահանգները մեծ ծավալի ներդրումներ է անելու։ Ես չեմ խոսում միայն քաղաքական կապիտալի ու աջակցության, այլ հենց ֆինանսական ներդրումների մասին։ ՀՀ-ն իր կողմից հիմնական բանը, որ ներդնելու է, կառուցապատման իրավունքն է, կարծում եմ՝ բավականին արդար բաշխում է»,- Վաշինգտոնում գտնվող ՀՀ դեսպանությունում հեռավար մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Հավելեց՝ խոսքը 49 տարվա մասին է։ Ենթադրվում է, որ տարիների ընթացքում, երբ ներդրումների վերադարձը որոշակի չափով ապահովված կլինի, և պայմանագիրը ևս 50 տարով կավելացվի, այդ ժամանակ բաժնեմասերի հարաբերակցությունը կփոխվի և գրեթե հավասարվելու է։
Միրզոյանը շեշտեց՝ ընկերության որևէ բաժնեմաս չի կարող օտարվել առանց ՀՀ-ի և ԱՄՆ-ի համաձայնեցման։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
Թեհրանը վճռականորեն դեմ է դրան. Իրանում ՀՀ դեսպանը և Ալի Վելայաթիին քննարկել են TRIPP–ը