ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik․ «Թրամփի ուղուն» (TRIPP) Թուրքիայի կամ Ռուսաստանի հնարավոր ներգրավման հարց ամերիկյան կողմի հետ չի քննարկվել։ Վաշինգտոնում գտնվող ՀՀ դեսպանությունում հեռավար մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հարցերից մեկին։
Ինչպես հայտնի է, հունվարի 13–ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպում են ունեցել Վաշինգտոնում, ապա հրապարակել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։
«TRIPP-ն ինչպես կար, հիմա էլ մնում է Հայաստան-Միացյալ նահանգներ բիզնես գործունեություն։ Միևնույն ժամանակ, եթե ավելի լայն՝ ապաշրջափակման համատեքստում դիտարկենք, ակնհայտ է, որ միայն Հայաստան-Ադրբեջան ապաշրջափակմամբ, սահմանի բացմամբ, երկաթուղու վերագործարկմամբ ենթադրյալ Ասիա-Եվրոպական միություն մեծ, լոգիստիկ նոր անցումը չի ստեղծվի, չի ապահովվի, Հայաստանի ապաշրջափակումն էլ ամբողջական չի լինի»,- ասաց ՀՀ արտգործնախարարը։
Նա հիշեցրեց, որ Թուրքիայի հետ վաղուց երկխոսություն կա, այն բավականին կառուցողական համարեց և հույս հայտնեց, որ մոտ ապագայում շոշափելի առաջընթաց ու քայլեր կլինեն։
«Բոլորիս պատկերացումն այն է, որ ապրանքը, բեռները կամ մարդիկ Ասիայից կարող են գալ Ադրբեջան, այնուհետև TRIPP ենթակառուցվածքներով Հայաստանի տարածք, Նախիջևան, այնտեղից կրկին Երասխով, եթե երկաթուղու մասին ենք խոսում։ Եթե Գյումրի-Կարսը չվերագործարկվի, հաստատ բեռները չեն կարող այդ ճանապարհով գնալ Թուրքիայի տարածքով Եվրոպա կամ գալ հակառակ ուղղությամբ»,- ասաց Միրզոյանը։
Նրա խոսքով՝ տրամաբանական է, որ Թուրքիան այս ապաշրջափակման և տարածաշրջանի զարգացման մաս լինի, բայց ոչ կոնկրետ TRIPP-ի մասով, այլ, օրինակ՝ TRIPP-ի շարունակության։
Նույն տրամաբանությամբ չի քննարկվել նաև ռուսական կողմի հնարավոր մասնակցության հարցը։ Սակայն, ըստ ԱԳ նախարարի, մեծ ապաշրջափակումը վերաբերում է բոլոր հարևաններին՝ անմիջական կամ մի փոքր հեռու գտնվող տարածաշրջանային երկրներին։ Նրա խոսքով՝ այս շարժը բոլորին է ձեռնտու։
«Մենք նպատակ չունենք որևէ կերպ դուրս թողնել Ռուսաստանին։ Ակնհայտ է, որ Հայաստանի տարածքում Ռուսաստանը տարբեր ենթակառուցվածքների ներկայություն ունի (այդ թվում՝ երկաթուղիներում), TRIPP-ում՝ ոչ, սակայն TRIPP-ի շարունակությունում կամ դրան առնչվող այլ գործունեությունում կապ ու համագործակցություն կարող է ստեղծվել նաև Ռուսաստանի Դաշնության համար»,- ասաց Միրզոյանը։
Միրզոյանի խոսքով՝ առաջիկա ամիսներին կամբողջացվեն նաև մյուս անհրաժեշտ փաստաթղթերը, մինչև աշնան սկիզբը հնարավոր կլինի սկսել ենթակառուցվածքների շինարարությունը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։