ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik․ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի կարծիքով՝ նորմալ գործընթաց է, որ Հայաստանը մշակելու է տարբերակված ընթացակարգեր TRIPP-ով մարդկանց, մեքենաների անցման համար, այդ թվում՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև երկու ուղղությամբ անցման համար։ Վաշինգտոնում գտնվող ՀՀ դեսպանությունում հեռավար մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Ինչպես հայտնի է, հունվարի 13–ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպում են ունեցել Վաշինգտոնում, ապա հրապարակել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։ Ըստ ստորագրված նոր հայտարարության՝ Հայաստանը հանձնառու է դյուրացնել թույլտվությունների, հաստատումների և կարգավորիչ գործընթացների ժամանակին իրականացումը, «մշակել տարբերակված ընթացակարգեր մարդկանց, մեքենաների և ապրանքների համար (ներառյալ Ադրբեջանի և իր Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև երկու ուղղությամբ)՝ Հայաստանի օրենքների, կարգավորումների և միջազգային համաձայնագրերի հիման վրա ու միջազգային չափանիշներին համապատասխան։ Լրագրողները հետաքրքրվել էին, թե ինչպիսին են լինելու այդ ընթացակարգերը, և դրանք ինչով են տարբերվելու Հայաստանի մյուս անցակետերում առկա ընթացակարգերից։
«Ընդհանրապես, մենք ուզում ենք մեր բոլոր սահմանների ուղղություններով ունենանք հնարավորինս հեշտ անցման ընթացակարգեր՝ իհարկե որևէ կերպ չխոցելով, չստորադասելով մեր ինքնիշխանությունն ու իրավազորությունն ու անհրաժեշտ գործընթացները, որոնք պետք է արվեն»,- ասաց ՀՀ արտգործնախարարը։
Նա հավելեց՝ այդ ընթացակարգերը պետք է լինեն ՀՀ օրենքների, կարգավորումների և միջազգային համաձայնագրերի հիման վրա ու միջազգային չափանիշներին համապատասխան։
Կարծում է՝ նույն ցանկությունը պետք է ունենան նաև մեր բոլոր հարևաններն ու մյուս երկրները։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։