ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik․ Հրդեհ է բռնկվել Սիսիան քաղաքի բնակելի շենքերից մեկում, մեկ մարդ մահացել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգը ստացել է այսօր, ժամը 10։40-ի սահմաններում։ Հայտնել են, որ ծուխ է նկատվում Որոտան փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկի բնակարանից։
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել բնակարանի ննջասենյակում:
Հրդեհը մարվել է 11:00-ին: Այրվել է ննջասենյակի հատակը՝ մոտ 0,5 քմ, մահճակալ և էլեկտրական տաքացուցիչ։ Ննջասենյակում հայտնաբերվել է քաղաքացու դի։