ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. «Թրամփի ուղու» շուրջ հայ–ամերիկյան վերջին քննարկումներն արագ կազմակերպվեցին ու անցկացվեցին` հաշվի առնելով Իրանում տիրող անորոշություններն ու ռիսկերը։ Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ այս տեսակետը հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հունվարի 13–ին հանդիպել են Վաշինգտոնում, ապա հրապարակել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։
«Ես հույս ունեմ, որ այս ստորագրման արարողության և քննարկումների ընթացքում իրանական հարցը չի արծարծվել, քանի որ դա մեզ համար բավականին ծանր անվտանգային մարտահրավեր կարող է ստեղծել»,– ասաց Խաչատրյանը։
Նա հիշեցրեց, որ Հայաստանի Հանրապետության ստեղծման օրվանից իշխանությունները կարողացել են աշխատանքային, բարեկամական հարաբերություններ ստեղծել թե՛ ԱՄՆ–ի, թե՛ Եվրամիության, թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի հետ։
«Մեր ամենածանր զգուշացումը, մտահոգությունն այն է, որ Հայաստանն ինչ–որ մի պահի կարող է հստակ կանգնել երկընտրանքի առաջ` կա՛մ–կա՛մ, այս դեպքում մենք շատ լուրջ անվտանգային մարտահրավերների առաջ ենք կանգնելու»,– հավելեց Խաչատրյանը։
Նա նշեց` օրինակ` իրանական կողմը շատ լուրջ մտահոգություններ ունի, որ «Թրամփի ուղու» շինարարության պատրվակի ներքո այլ ուժեր կարող են տեղակայվել։
«ՀՀ գործող իշխանությունը Հայաստանը կարող է դարձնել տիտանների մարտադաշտ, իսկ դա Հայաստանի համար լուրջ գլխացավանք կարող է լինել»,– ընդգծեց Խաչատրյանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։