ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի գեղասահորդներ Սիմոն Դանիլյանցը և Կարինա Ակոպովա– Նիկիտա Ռախմանին զույգը չեն մասնակցի Գեղասահքի Եվրոպայի առաջնությանը։ Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում պաշտոնական հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ գեղասահքի ֆեդերացիան։
«Չնայած բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի ժամանակին ներկայացմանը, Մեծ Բրիտանիայի դեսպանատունը մեր մարզիկներին չի տրամադրել մուտքի վիզաները սահմանված ժամկետներում, ինչի արդյունքում մեր հավաքական թիմը զրկվեց Եվրոպայի առաջնությանը մասնակցելու հնարավորությունից։ Սա 2025–2026 թթ. մրցաշրջանի ամենակարևոր մրցաշարերից մեկն էր»,– նշել են ֆեդերացիայից։
Ֆեդերացիայից նշել են, որ սա լուրջ հարված է մարզիկների` ամբողջ սեզոնային պատրաստությանը, մրցակցային զարգացմանը և միջազգային վարկանիշային դիրքերին։
«Տարիների քրտնաջան աշխատանքը, պատրաստվածությունն ու նվիրումը չպետք է կախված լինեն վարչական ձգձգումներից»,– ասված է հայտարարության մեջ։
Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայից վստահեցնում են, որ արվում է ամեն ինչ` նման իրավիճակների կրկնությունը կանխելու և մարզիկների իրավունքները պաշտպանելու համար։