Չէի հավատում լսածիս. ինչպե՞ս է Վագիֆ Խաչատրյանի դուստրը իմացել հոր վերադարձի մասին

Վագիֆ Խաչատրյանին շուտով տեղափոխելու են Նորք–Մարաշի սրտաբանական բժշկական կենտրոն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի - Sputnik. Հուզմունք, ուրախություն, շփոթմունք․ ադրբեջանական գերությունից ազատված Վագիֆ Խաչատրյանի դուստրը` Վերա Խաչատրյանը, այսպես նկարագրեց լուրն իմանալուց հետո իր էմոցիաները։
Նշենք, որ հունվարի 14-ին` ժամը 16։00-ի սահմաններում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքչյանը և Վագիֆ Խաչատրյանը Հակարի կամրջով Ադրբեջանի համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվել են Հայաստանի համապատասխան մարմինների ներկայացուցիչներին և հիմա գտնվում են ՀՀ տարածքում։

«Ես տեղյակ չէի, որ վերադարձվելու է։ Ընկերուհիս զանգեց, ասաց` «աչքդ լույս»։ Չհասկացա` ինչի մասին էր խոսում, ու անմիջապես ասաց, որ հայրս վերադառնում է։ Չէի հավատում լսածիս, հետո Նիկոլ Փաշինյանի էջով տեսա, որ պաշտոնական գրել է այդ տեղեկությունը։ Չեմ կարող բացատրել ուրախությանս աստիճանը։ Այնքան հուզված եմ...»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Վերան։

Նա նշեց, որ քույրն իմացել է, որ իրենց հորը շուտով կտանեն Նոր-Մարաշի սրտաբանական հիվանդանոց` բուժում է ստանալու։
Վերան վերջին անգամ դեկտեմբերին է խոսել հոր հետ, երբ նրա առողջական վիճակը վատացել էր ու տեղափոխվել հիվանդանոց։ Այդ պահից սկսած որևէ տեղեկություն կամ շփում չի եղել։
Իր խոսքի վերջում էլ Վերան ընդգծեց՝ անկախ իր հուզմունքից, Փաշինյանի գրառման մեջ ցանկանում էր տեսնել բոլոր հայ գերիների անունները։
Հիշեցնենք, որ գերիների վերադարձի մասին տեղեկությունից անմիջապես հետո ևս մեկ գրառում արեց Փաշինյանը և ընդգծեց՝ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքչյանը նախնական զննությամբ առողջական խնդիրներ չունեն։ Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը նախնական գնահատվում է բավարար։
Հայ գերիների ազատ արձակման լուրից հետո էլ հայտնի դարձավ, որ այսօր ՀՀ–ում ցմահ ազատազրկման դատապարտված վարձկաններ` Սիրիայի քաղաքացիներ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին, Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիայի Արաբական Հանրապետության իրավասու մարմիններին։
Հիշեցնենք` անհետաձգելի բուժօգնություն ստանալու համար Արցախից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները առևանգեցին 2023թ–ի հուլիսի 29–ին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է ներկայացվել, ըստ որի` Վագիֆ Խաչատրյանն իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործությունների։
Խաչատրյանը դատական նիստերի ընթացքում բազմիցս հայտարարել է, որ որևէ հանցագործություն չի կատարել։