ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Հայ գերիներին գործարքների հիման վրա ազատ արձակելն անընդունելի է, բայց եթե հայկական կողմը ճիշտ բանակցեր, հնարավոր էր ավելի մեծ թվով մարդկանց վերադարձնել հայրենիք։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
Այսօր հայտնի դարձավ, որ Ադրբեջանն այսօր Հայաստանին է փոխանցել 4 գերիների` Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջյանին, Վիգեն Էուլջեքչյանին, Վագիֆ Խաչատրյանին: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Հայաստանն էլ Թուրքիայի միջոցով Սիրիային է փոխանցել 44-օրյա պատերազմին որպես վարձկան մասնակցած և ՀՀ–ում ցմահ ազատազրկման դատապարտված 2 անձանց։
«Միանշանակ ուրախալի է, երբ ադրբեջանական գերությունից 4 հայ է վերադարձել հայրենիք, սակայն անընդունելի է, երբ այս հարցերը լուծվում են գործարքների հիման վրա։ Այս հարցն ունենալով բացառապես մարդասիրական բնույթ` իր վերջնական հանգուցալուծումը չի ստանում, մինչդեռ կարծում եմ` հայ հասարակությունը հենց դրա ակնկալիքն ունի, որ մարդկային տառապանքներ պատճառելը հայ–ադրբեջանական փոխհարաբերությունների առարկա չդառնա։ Դրա համար ես իրապես ակնկալիք ունեմ, որ նախքան խաղաղության հետ կապված փաստաթղթերի ստորագրումը մարդասիրական բոլոր հարցերն իրենց լուծումները կստանան»,– ասաց Սահակյանը։
Նա հիշեցրեց, որ դեռ 2025 թվականի դեկտեմբերին բարձրաձայնել են` կա հասանելի տեղեկություն այն մասին, որ թուրքական և սիրիական որոշ խմբեր հետաքրքրված են սիրիացի վարձկանների վերադարձի հարցով։ Ըստ Սահակյանի` Թուրքիան և Սիրիան միայն հայ–ադրբեջանական խնդրի լուծման ճանապարհով էին պատկերացնում այս վարձկանների վերադարձը։
«Այս վարձկանները հստակ հետաքրքրություն են ներկայացնում Թուրքիայի և Սիրիայի իշխանությունների համար և իրականում ունեն շատ ավելի բարձր արժեք, քան դա գիտակցվել է Հայաստանի կողմից բանակցող ներկայացուցիչների կողմից։ Իմ գնահատմամբ` եթե այդ արժեքը ճիշտ գնահատվեր, հայկական կողմը կարող էր ավելի մեծաթիվ գերիների վերադարձնել։ Հետևաբար, ես սա համարում եմ անհավասար, անհամաչափ գործարք»,– ընդգծեց Սահակյանը։
Նրա համար այս գործարքի մեջ իրավական լուրջ խնդիր կա` սիրիացի դատապարտվածները վարձկաններ են, որոնց ներգրավումը ինքնորոշման իրավունքի բռնաճնշման նպատակով միջազգայնորեն արգելված է, իսկ մյուս կողմից ունենք հայ գերիներ, որոնք որևէ հանցավոր գործողություններ չեն կատարել և ապօրինի դատավարությունների մաս են կազմել։
«Այս հանգամանքը հաշվի առնելով` մենք կարող ենք վերահաստատել, որ գերիների խնդիրը քաղաքականացված է, և ադրբեջանական կողմը այդ հարցը լուծում է ՀՀ իշխանությունների կողմից որոշակի զիջումների գնով»,– ընդգծեց իրավապաշտպանը։
Ժամանակագրական և գործարքային տրամաբանության առումով նա պատահական չի համարում, որ հենց այսօր` մեր գերիների վերադարձի օրը, Սիրիայի քաղաքացիները Թուրքիայի միջոցով արտահանձնվեցին։ Սահակյանի գնահատմամբ` այս անհամաչափ գործարքի հետքերը թաքցնելու համար կարող էին գոնե արհեստական ժամանակային խզում թողնել, սակայն դա չեղավ, քանի որ բանակցող կողմերի մեջ կա անվստահություն։
Հետաքրքրվեցինք` հնարավո՞ր էր արդյոք, որ ազատ արձակված գերիների թվում լինեին նաև Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարները։
«Տեսականորեն` այո՛, գործնականում` անհնարին։ Անգամ լավ բանակցելու դեպքում։ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության առնչությամբ դատավճիռները հրապարակված չեն, և առանց այդ դատավճիռների Ադրբեջանը երբևէ, որևէ պարագայում չէր համաձայնի նրանց արտահանձնել։ Մյուս կողմից նրանք մեծ արժեք ներկայացնող անձանց դեռևս պահում են այս գործընթացին նոր էներգիա, կշիռ փոխանցելու համար, իսկ հիմա հանձնում են «իրենց արժեքը սպառած» անձանց, որոնք իրենց համար բանակցային տեսանկյունից նույնքան հետաքրքիր չեն»,– վստահեցրեց Սահակյանը` ավելացնելով` Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը նրանք կվերադարձնեն ամենավերջում, երբ բոլոր հայ գերիներին ազատ արձակեն։
Իրավապաշտպանի տվյալներով` այսօր հայրենիք վերադարձած 4 հայ գերիներից հետո Բաքվի բանտերում շարունակում են մնալ ևս 19 հայ գերիներ, ինչպես նաև Ստեփանակերտում 2025 թ. սեպտեմբերին ադրբեջանցիների կողմից ձերբակալված Կարեն Ավանեսյանը։