ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik․ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում շարունակել են աշխատանքներն օգոստոսի 8-ին ստորագրված TRIPP-ի իրագործման ուղղությամբ։ Լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ռուբիոն՝ ներկայանալով հայ գործընկերոջ հետ։
«Մենք կարծում ենք, որ TRIPP-ը իսկապես դառնալու է աշխարհի համար մոդել, թե ինչպես կարող եք բացել ձեր դռները տնտեսական գործունեության և բարգավաճման համար՝ առանց որևէ կերպ կասկածի տակ դնելու կամ խաթարելու ձեր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը․․․ Մենք կարծում ենք՝ դա հիանալի է լինելու Հայաստանի, Միացյալ Նահանգների, բոլոր ներգրավվածների համար», - ասել է Ռուբիոն»,- ասել է Ռուբիոն։
ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է, որ համաձայնագրի միջոցով նաև շարունակելու են կառուցել երկկողմանի հարաբերություններ Հայաստանի հետ, որոնք բավականին ուժեղ են և էլ ավելի են ամրանալու։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։