Թեհրանում հատուկ բաժիններ են ստեղծել ահաբեկչության համար ձերբակալվածներին դատելու համար

Վերջին իրադարձությունների ժամանակ զոհվածների զգալի մասը խաղաղ քաղաքացիներ են, ինչպես նաև ահաբեկիչների գործողությունների զոհ դարձած մարդիկ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Զանգվածային անկարգությունների մասնակիցների, ինչպես նաև ահաբեկչական գործունեության մեղադրանքով ձերբակալվածների գործերը կքննվեն հատուկ ստեղծված դատական ​​բաժիններում։ Այս մասին հայտարարել է Թեհրան նահանգի դատական իշխանության ղեկավար Ալի ալ Ղասի Մեհրը։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ–ը՝ հղում անելով Իրանի պետական ​​հեռուստառադիոընկերությանը։
Նրա խոսքով՝ վերջին իրադարձությունների ժամանակ զոհվածների զգալի մասը խաղաղ քաղաքացիներ են, ինչպես նաև ահաբեկիչների գործողությունների զոհ դարձած մարդիկ։
«Վերջին գիշերներին տեղի ունեցած անկարգությունների ժամանակ վարժեցված ահաբեկիչների բռնության մակարդակը, հանցագործությունների ու գրոհների դաժանությունը հսկայական էին։ Թեհրան նահանգի դատական ​​համակարգը լիովին պատրաստ է քննել ահաբեկիչների և անկարգությունների ու ապստամբության համար ձերբակալվածների գործերը. այդ նպատակով հատուկ բաժիններ են ստեղծվել», - ասել է Մեհրը։
Նա նաև հայտնել է, որ Թեհրան նահանգի թաղամասերից մեկում զոհերի մեծ մասը դանակահարվել են մեջքի և կողային հատվածների շրջանում։
Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում 2025–ի դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:
Հունվարի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե ԱՄՆ–ն պատրաստ է պաշտպանել Իրանի քաղաքացիներին, եթե այդ երկրի իշխանությունները ուժ կիրառեն նրանց դեմ: Թեհրանը դատապարտեց այդ սպառնալիքները։
Հունվարի 8-ին Իրանում տեղի են ունեցել ամենամասշտաբային բողոքի ցույցերը, որոնք հրահրվել էին 1979 թվականին տապալված շահի որդու՝ Ռեզա Փահլավիի կոչով: Այնուհետև փողոց էին դուրս եկել գործող իշխանության կողմնակիցները։