Նոր համազգեստի ամբողջական գնում դեռ չի արվել․ Պապիկյանն անդրադարձավ քննադատություններին

Սուրեն Պապիկյանն ասուլիսին
Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ առաջիկա 1 ամսում տոնական և առօրյա համազգեստների փորձարկում կիրականացվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը ԶՈւ նոր համազգեստի ամբողջական գնում դեռ չի իրականացրել։ Այս մասին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նշենք, որ հանրության և ընդդիմադիր քաղաքական գործիչների շրջանում քննադատություններ էին հնչում նոր համազգեստի, մասնավորապես ԱՄՆ-ից ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանող դաշտային համազգեստի վերաբերյալ։
«Հասարակության մեջ թյուր կարծիք կա, թե մենք կատարել ենք համազգեստի ամբողջական գնում։ ՊՆ-ն նոր համազգեստի ամբողջական գնում դեռևս չի իրականացրել։ Սա ի գիտություն նաև տեղական արտադրամասերին։ Ամերիկյան ընկերության հետ մեր պայմանագիրը ենթադրում է, որ նրանք պետք է մեզ փորձանմուշներ ներկայացնեն, դրա համար նաև` տեխնիկական նկարագրեր ու դետալներ։ Սա ենթադրում է, որ այն որոշակի խմբաքանակ փորձանմուշներ պետք է ունենա, որն այս փուլում արդեն անցնում է զորային փորձարկում»,- նշեց Պապիկյանը։
Նա ընդգծեց, որ փորձարկումից հետո 2026 թվականի ընթացքում գնման գործընթաց կլինի, որին կարող են մասնակցել նաև տեղական ընկերությունները։ Շեշտեց՝ հստակ ունեն պատկերը, թե ինչպիսին պետք է լինի դաշտային համազգեստը տարբեր զորատեսակների համար։ Պապիկյանը նաև հայտարարեց, որ առաջիկա մեկ ամսում կլինեն ամենօրյա և տոնական համազգեստների նմուշները որոշակի խմբաքանակով ու դրանից հետո փորձարկման փուլ կանցնեն։ Ընթացիկ տարում, գնումներից հետո, դա կտարածվի ամբողջ զինված ուժերի վրա։
Հիշեցնենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 24-ին Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, որ ՀՀ զինված ուժերը սպասում են ԱՄՆ-ից ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանող դաշտային համազգեստի առաջին խմբաքանակին։ Նա նաև ընդգծել էր, որ հրաժարվելու են խորհրդային տիպի համազգեստից, որի ստանդարտները արևմտյան են, բայց համեմված մեր հայրենական խորհրդանիշներով ու նշաններով։ Վստահեցրել էր՝ շարքայինից մինչև գեներալ ունենալու են նոր համազգեստ՝ թե՛ որակապես, թե՛ տեսքով, թե՛ ստանդարտներով։
ՊՆ–ն նախատեսում է երկարաձգել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների պայմանագրերը