Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կողմնակիցները ակցիա են անում ԵՄ գրասենյակի մոտ

Բողոքի ակցիա իրականացնողները նամակ փոխանցեցին Հայաստանում ԵՄ դեսպանին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. «Իմնեմնիմի» հաղորդաշարի հիմնադիրներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կողմնակիցները բողոքի ակցիա են անում ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակի մոտ։
Նրանք այստեղ են եկել Սամսոնյանի ու Սաղաթելյանի նկարներով։
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կողմնակիցների ակցիան ԵՄ գրասենյակի մոտ

«Նրանց կալանավորել են ու կալանքն էլ երկարաձգել են հաղորդման ընթացքում «հետույք» բառն արտասանելու համար։ Պարոն դեսպան, սա արդյոք նորմա՞լ է ժողովրդավարական ուղով ընթացող պետության կամ ԵՄ-ի համար, որը մշտապես բարձրաձայնել է ՀՀ-ում մարդու իրավունքների, խոսքի ազատության հարցը»,- բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Անտիֆեյքի» գլխավոր խմբագիր Աստղիկ Մաթևոսյանը։

Ակցիայի մասնակիցները նամակ փոխանցեցին ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին։
«Դեսպանից պահանջում ենք արձագանքել Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ կատարվողին։ Ունենք ակնկալիք, որ ՀՀ իշխանությունների հետ կխոսեն, որպեսզի Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը անհապաղ ազատ արձակվեն։ Մասնավորապես այն պայմաններում, երբ արդեն 5-րդ օրն է` Սամսոնյանն անժամկետ հացադուլ է հայտարարել։ Հացադուլի պատճառով նրան տեղափոխել են պատժախուց, որի մակերեսը 4 քմ է։ Նախորդ նամակին պատասխան եղել էր։ Նշվել էր, որ իրենք չեն կարող միջամտել ՀՀ-ում նախաքննության ընթացքին։ Միևնույն ժամանակ հայտարարել էին, որ իշխանության հետ դիալոգներում բարձրաձայնում են ՀՀ-ում ժողովրդավարության և խոսքի ազատության կարևորության հարցը»,- ասաց ակցիայի կազմակերպիչներից մեկը։
Նրա խոսքով՝ հունվարի 14-ին էլ նրանք գնալու են 6-7 դեսպանատուն (օրինակ՝ Կանադայի, Իտալիայի), ինչպես նաև ՄԱԿ-ի գրասենյակ ու նմանատիպ ակցիաներ են իրականացնելու։
Հիշեցնենք` դիմակավորված ուժայինները նոյեմբերի 13-ի առավոտյան ներխուժեցին «Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներ և ձերբակալեցին նրանց։ Դրանից հետո «Անտիֆեյքի» գրասենյակում խուզարկություններ իրականացվեցին, առգրավվեց ամբողջ տեխնիկան։
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վիրավորանքին արձագանքելու համար։ Նրանք մեղադրվում են «Խուլիգանություն՝ հաղորդակցման միջոցների օգտագործմամբ» հոդվածի հատկանիշներով։ Ավելի ուշ Սամսոնյանն ու Սաղաթելյանը կալանավորվեցին։
Հունվարի 9-ին դատարանը 3 ամսով երկարացրեց նրանց կալանքի ժամկետը։ Նարեկ Սամսոնյանը դատարանի որոշումը լսելուց հետո անժամկետ հացադուլ հայտարարեց։