Հրազդան գետում հայտնաբերվել է դեկտեմբերի 11–ից որոնվող 18-ամյա Միխայիլ Դոլգովի դին

Նախաձեռնվել է քրեական վարույթ սպանության հատկանիշներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik․ Հրազդան գետից փրկարարները դուրս են բերել 18-ամյա Միխայիլ Դոլգովի դին։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Միխայիլը 2025թ–ի դեկտեմբերի 11-ից որոնվում էր որպես անհետ կորած։ Փրկարարները դին հայտնաբերել են նախօրեին՝ հունվարի 12-ին, ինքնությունն այսօր է պարզվել։
Նշենք, որ Sputnik Արմենիան անդրադարձել էր Միխայիլ Դոլգովի անհետացմանը։ Նա Լերմոնտովո գյուղի բնակիչ է, որը Երևանում՝ տատիկի տանը հյուր է եղել։
Լերմոնտովոյի գյուղապետ Էդիկ Չախալյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ Միխայիլը հասարակ, հանգիստ տղա է։ Ընտանիքը բազմազավակ է. Միխայիլն ունի մի քանի եղբայր և քույր։ Միխայիլի 18-ամյակն ապրիլին էր լրացել։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ սպանության հատկանիշներով։