ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Հայաստանը չի պատրաստվում մրցավազքի մեջ մտնել Ադրբեջանի հետ։ Տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Ինչ վերաբերում է սպառազինության ձեռքբերմանը, ապա մենք չենք պատրաստվում մրցավազքի մեջ մտնել որևէ երկրի, այդ թվում՝ Ադրբեջան հետ։ Սա մեր կառավարության դիրքորոշումն է»,- ասաց նա։
Ըստ Պապիկյանի՝ դա միաժամանակ չի նշանակում, որ Հայաստանը դադարեցնում է զենքի, ռազմական տեխնիկային գնումներն ու բանակի արդիականացումը։
Նա նաև նշեց, որ ժամկետային զինծառայողների ծառայության ժամկետի կրճատումը չի ենթադրում բանակի կրճատում. ՀՀ ԶՈւ-ն աստիճանաբար ավելացնելու է պայմանագրային զինծառայողների մասնաբաժինը։ Պապիկյանը վստահ է՝ այսպիսով հայկական բանակը հետևողականորեն վերափոխվելու է պրոֆեսիոնալ բանակի: