ՀՀ ԶՈւ զինծառայողների քանի՞ տոկոսն է հաղթահարել ատեստավորման շեմը

ՀՀ պաշտպանության նախարարը վստահ է՝ ատեստավորման արդյունքում աշխատավարձի բարձրացումը մեծապես փոխել է բանակի մասին պատկերացումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. ՀՀ ԶՈւ-ում զինծառայողների ավելի քան 70 տոկոսը հաղթահարել է ատեստավորման շեմը։ Տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Սա մի ծրագիր է, որի մասին բոլորը գիտեն, բայց մանրամասներին գուցե ոչ բոլորն են տիրապետում։ Ատեստավորվող զինծառայողները կարող են իրենց աշխատավարձին ավելացնել 205-470 հազար դրամ։ Սա էական բավարարում է և մեծապես փոխել է պատկերացումը բանակի մասին։ Կարող եմ նշել, որ ներդրման պահից մինչև հիմա մասնակիցների 73 տոկոսը հաղթահարել է ատեստավորման շեմը»,- նշեց Պապիկյանը։
Նա այս տվյալներն էական արդյունք է համարում՝ հաշվի առնելով այն, որ սկզբնական տարում այդ թիվը մի քանի անգամ պակաս է եղել։
Հիշեցնենք` ԱԺ–ն զինծառայողների ատեստավորման մասին օրենքն ընդունեց 2022 թվականի դեկտեմբերին։
Ո՞ր զինվորականներն են ազատվում ատեստավորումից