ԱՄՆ–ն 25% մաքսատուրք է սահմանում Իրանի հետ առևտուր անող երկրների համար

ԱՄՆ նախագահն իր հրամանն անվանել է վերջնական և անշրջելի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. ԱՄՆ վարչակազմը ուժեղացնում է տնտեսական ճնշումը Իրանի վրա՝ 25% մաքսատուրք սահմանելով այն երկրների համար, որոնք շարունակում են բիզնես վարել Իրանի հետ։

«Այս պահից սկսած` ցանկացած երկիր, որը բիզնես կվարի Իրանի Իսլամական Հանրապետության հետ, 25% մաքսատուրք կվճարի Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ իրականացվող բոլոր առևտրային գործարքների համար։ Այս հրամանը վերջնական է և անշրջելի», – գրել է նախագահ Դոնալդ Թրամփը «Truth Social»-ում։

Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Քերոլայն Լևիտը հայտարարել է, որ Վաշինգտոնը Իրանի հարցում դիտարկում է գործողությունների հնարավոր բոլոր տարբերակները, այդ թվում՝ ուժային միջոցների կիրառումը։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով, վարչակազմը առաջնահերթություն է տալիս դիվանագիտական կարգավորմանը։
Նավթագազի տեղեկատվական գործակալությունը գրում է, որ Իրանը հիմնականում առևտուր է անում Չինաստանի հետ, որը գնում է երկրի արտահանվող նավթի շուրջ 90%-ը։
Մատակարարումներն իրականացվում են ոչ պաշտոնական սխեմաների և լցանավերի հին նավատորմի միջոցով։
Չինաստանից բացի, գնումների փոքր մասնաբաժին ունի նաև Սիրիան։ Իրանում նավթի ընդհանուր օրական արդյունահանումը կազմում է մոտ 3.3 մլն բարել։ Այս ցուցանիշները զգալիորեն նվազել են երկարատև տնտեսական պատժամիջոցների և օտարերկրյա ներդրումների սահմանափակումների հետևանքով։
Հայաստանը ևս առևտուր է անում Իրանի հետ։ Ապրանքաշրջանառությունն այժմ կազմում է մոտ 1 մլրդ դոլար։ Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ երկրները մտադիր են երկկողմ ապրանքաշրջանառությունը հասցնել մինչև 3 մլրդ դոլարի։