Ադրբեջանից «պրեմիում» տեսակի բենզինի ներկրումը 15 %-ով իջեցրել է բենզինի գինը. Փաշինյան

Վարչապետի խոսքով՝ Ադրբեջանից նավթամթերքի ներմուծմանը դեմ արտահայտվողները հայկական շուկայում առկա մոնոպոլիստներն են, որոնց ձեռնտու չէ գնանկումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Ադրբեջանից «պրեմիում» տեսակի բենզինի ներկրումը 15 %–ով իջեցրել է բենզինի գինը։ Այս մասին տեսաուղերձով հայտարարել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ «պրեմիում» տեսակի բենզինը նախկինում 510 դրամ էր, իսկ այժմ՝ 430 դրամ։
Նշենք, որ հայկական շուկայում «պրեմիում» տեսակի բենզինն իրականում միջինում արժե 460-480 դրամ, թեպետ առանձին ընկերություններ Ադրբեջանից բերված բենզինը վաճառում են 440 դրամով։
«Ի դեպ, երկու օր առաջ Ադրբեջանից Հայաստան է ներմուծվել նաև դիզվառելիք, և դիզվառելիքի նվազագույն գինը շուկայում նվազել է 2%-ով։ Նաև «ռեգուլյար» բենզինի գինն է նվազել՝ դեկտեմբերի համեմատ մոտավորապես 8%-ով։ Այսինքն, եթե դեկտեմբերի 11-ին «ռեգուլյար» բենզինի նվազագույն գինը 500 դրամ էր, հիմա 460 դրամ է»,– ասել է վարչապետը։
Ըստ Փաշինյանի՝ բենզինի շուկայում գնային փոփոխությունները խաղաղության օրակարգի արդյունք են։
«Իհարկե, պետք է նաև ընդունել, որ այս ընթացքում և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում քննադատություն կա։ Հայաստանում ասում են, որ բենզին եք գնում և փողերն ուղարկում եք Ադրբեջան, որպեսզի նրանք այդ փողերով հարձակվեն Հայաստանի վրա։ Ադրբեջանում ասում են, որ բենզինը և դիզվառելիքն ուղարկում եք Հայաստան, որ նրանք իրենց տանկերն ու զինտեխնիկան լիցքավորեն և հարձակվեն Ադրբեջանի վրա։ Պետք է արձանագրել, որ երկու մտահոգություններն էլ տեղին չեն, որովհետև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն է հաստատված, և այդ խաղաղությունը գնալով կդառնա ավելի ու ավելի ինստիտուցիոնալ»,– հավելել է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի կարծիքով՝ Ադրբեջանից նավթամթերքի ներմուծմանը դեմ արտահայտվողները հայկական շուկայում առկա մոնոպոլիստներն են, որոնց ձեռնտու չէ գնանկումը։
Հիշեցնենք` ադրբեջանական լրատվամիջոցները 2025–ի դեկտեմբերի 18-ին հայտնեցին, որ նոյեմբերի 28-ին Գաբալայում Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Հայաստան է ուղարկվել 22 վագոն A95 տեսակի բենզին (SOCAR–ի արտադրած)։
Հաջորդ օրը նավթամթերքը հասավ Հայաստան։ 2026–ի հունվարի 7–ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը նավթամթերքի ավելի խոշոր խմբաքանակ կուղարկի Հայաստան: