Թուրքիան հետևում է Իրանի իրադարձություններին և վերահսկում սահմանին տիրող իրավիճակը․ Չելիք

Քաղաքական գործիչը նշել է, որ Թուրքիայի կառավարությունը գնահատում է բոլոր ռիսկերը և բարձր մակարդակով քննարկում է սահմանային անվտանգության հարցերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Անկարան ուշադրությամբ հետևում է Իրանում տիրող իրավիճակին, սահմանային անվտանգության վերահսկողությունը բարձր մակարդակում է: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AK Parti) պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիքը։
«Մենք ուշադրությամբ հետևում ենք իրավիճակին։ Իրանում տեղի ունեցող իրադարձությունները մեզ համար զգայուն թեմա են։ Խնդիրներ կան, բայց դրանք պետք է լուծի հենց իրանական կառավարությունը։ Երրորդ երկրների ցանկացած միջամտություն միայն կվատթարացնի իրավիճակը»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Չելիքը։
Լրագրողները հետաքրքրվել են` Անկարան պատրա՞ստ է հարևան երկրում իրադարձությունների հնարավոր զարգացմանը։ Բա պատասխանել է, որ կառավարությունը գնահատում է բոլոր ռիսկերը և բարձր մակարդակով քննարկում է սահմանային անվտանգության հարցերը։
«Կարող եմ ասել, որ բարձր մակարդակի նախապատրաստում է ընթանում»,- հավելել է քաղաքական գործիչը։
Հիշեցնենք` Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում 2025–ի դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:
Հունվարի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե ԱՄՆ–ն պատրաստ է պաշտպանել Իրանի քաղաքացիներին, եթե այդ երկրի իշխանությունները ուժ կիրառեն նրանց դեմ: Թեհրանը դատապարտեց այդ սպառնալիքները։